Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 8-ին ժամանել է Պեկին։ «Խաղաղության առաքելություն 3.0», — գրել էր Օրբանը X-ի էջում՝ հայտարարելով իր այցի մեկնարկի մասին։
Հունգարիայի վարչապետը արդեն հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հետ։
Հանդիպումը կայացել է Պեկինի Դաոյութայ կառավարական նստավայրում, հայտնում է Reuters-ը։ Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության հուլիսի 8-ի հայտարարության մեջ ասվում էր, որ Սի Ցզինպինը եւ Օրբանը «հանդիպում կանցկացնեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորը քննարկումներ ունենալու համար»:
Բանակցություններից հետո Օրբանը սոցիալական ցանցերում Սի Ցզինպինի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։
«Չինաստանը առանցքային ուժ է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմում խաղաղության համար պայմաններ ստեղծելու գործում։ Ահա թե ինչու ես եկել եմ Պեկինում հանդիպելու նախագահ Սի Ցզինպինի Բուդապեշտ կատարած պաշտոնական այցից ընդամենը երկու ամիս անց»,-գրել է Օրբանը։
Հունգարիայի պետական MTI լրատվական գործակալությունն էլ հայտնում է Չինաստանի ղեկավարին փոխանցած Օրբանի մեկնաբանությունները։
«Մենք իսկապես բարձր ենք գնահատում ձեր խաղաղության նախաձեռնությունը Հունգարիայի հարեւանությամբ ընթացող հակամարտության վերաբերյալ: Հունգարացիների համար շատ կարեւոր է, որ Չինաստանը կոչ է անում խաղաղություն հաստատել աշխարհում»,- Reuters-ի փոխանցմամբ ասել է Օրբանը։
Սի Ցզինպինն էլ բանակցություններից հետո հայտարարել է, որ «Ուկրաինայի հարցում Չինաստանի եւ Հունգարիայի հիմնական դիրքորոշումներն ու ջանքերի ուղղությունները համընկնում են», գրում է TACC-ը՝ վկայակոչելով չինական հեռուստատեսությունը։ Չինաստանի ղեկավարը միջազգային հանրությանը նաեւ կոչ է արել «պայմաններ ստեղծել եւ օգնություն տրամադրել երկու կողմերին՝ ուղիղ երկխոսությունն ու բանակցությունները վերսկսելու համար»։
«Բոլոր կողմերի շահերից է բխում ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելը եւ քաղաքական լուծում փնտրելը», — ասել է Սի Ցզինպինը:
Օրբանի այցը Չինաստան տեղի է ունենում հուլիսի 2-ին Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, հուլիսի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից, ինչպես նաեւ հուլիսի 6-ին Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելուց հետո։
ԵՄ իշխանությունները քննադատել են Օրբանին՝ իր կատարած այցերի համար։ Նա Ուկրաինայի հարցով խաղաղության շուրջ բանակցությունները նախաձեռնել է հուլիսի 1-ին Եվրամիությունում նախագահությունը Հունգարիան անցնելուց հետո:
Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ընթացքում Վիկտոր Օրբանն Ուկրաինային կոչ է արել մտածել նախ հրադադարի, ապա նոր Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններ սկսելու մասին։ Իսկ Պուտինի հետ բանակցություններից հետո Հունգարիայի վարչապետը հայտարարել էր, որ հակամարտող կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից, եւ շատ քայլեր կպահանջվեն պատերազմի ավարտին մոտենալու համար։
Օրբանը Instagram-ի էջում հրապարակած գրառումով էլ նշել է, որ հաջորդ կանգառը լինելու է Վաշինգտոնը, որտեղ հուլիսի 9-ից 11-ը կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ ի պատիվ 1949 թվականին Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման 75-ամյակի։