Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, երեկ բացվեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը:
Այս տարվա ծրագրում ցուցադրվելու է հինգ հայկական վավերագրական ֆիլմ։ Ֆիլմերի մասին հակիրճ պատմել է «Պլատֆորմդոկի» համահիմնադիր, «Եվրասիադոկ» հարթակի հայաստանյան ներկայացուցիչ, պրոդյուսեր Արեւիկ Ավանեսյանը։
Ոսկե Ծիրան փառատոնին մասնակցող հայակական վավերագրական մի քանի ֆիլմի մասին
Թեզետա, ռեժիսորներ՝ Արամազդ Գալայճեան, Գարեգին Պապոյան
Երաժիշտ Գեւորգ Նալբանդյանը Հայոց ցեղասպանությունից հետո մի քանի տասնյակ որբերի հետ եթովպական կայսեր հրավերով գնում է Ադիս Աբեբա եւ այնտեղ ստեղծում է կայսերական նվագախումբ։ «Թեզետան» ներկայացնում է հայ-եթովպական բարեկամական կապերը տարբեր հերոսների պատմությունների միջոցով։
1489, ռեժիսոր՝ Շողակաթ Վարդանյան
Անցյալ տարի «1489»-ը արժանացավ միանգամից երկու կարեւոր մրցանակի հեղինակավոր նիդերլանդական IDFA միջազգային վավերագրական կինոփառատոնում՝ դառնալով գլխավոր հաղթողն ու կինոքննադատների ու կինոլրագրողների ասոցիացիայի մրցանակակիրը։
Ֆիլմի հեղինակը՝ Շողակաթ Վարդանյանը, բջջային հեռախոսով նկարել է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրը կորած եղբոր պատմությունը՝ քննարկումներ ու զրույցներ վարելով ծնողների հետ, վավերագրել ընտանիքի առօրյան։
Տունս քաղցր ա, ռեժիսոր՝ Սարին Հայրապետյան
«Տունս քաղցր ա» ֆիլմը պատմությունն է Վրեժ անունով 11-ամյա մի տղայի, որը մեծանում է Արցախում (Լեռնային Ղարաբաղ) եւ երազում ատամնաբույժ դառնալ:
Վրեժի կյանքը հանկարծ շրջվում է, երբ պատերազմ է բռնկվում՝ ստիպելով նրան փախչել ընտանիքի հետ: Նա իր օրերն անցկացնում է «աքսորավայրում»՝ անհամբեր սպասելով հաղթանակի, բայց ընթացքն այլ է լինում։
Վրեժը պետք է սովորի պատերազմի կանոնները… Բայց նա կարո՞ղ է ազգի հույսերը կրել իր երիտասարդ ուսերին: Ֆիլմը վկայություն է արցախցիների մասին, որտեղ հույսն ու տրավման ձեւավորել են սերունդների տոկունությունը:
Սեւ այգի, ռեժիսոր՝ Ալեքսիս Փազումյան
«Սեւ այգի»-ն ներկայացնում է տղամարդկան չորս սերունդ, նրանց պատմությունները պատերազմից առաջ եւ հետո։
Սամվելն ու Ավոն, Էրիկն ու Կարենն ապրում են ռուսական կայսրության փլատակների տակ մնացած դարավոր հակամարտության երկրում։ Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են, երազում եւ պատրաստվում ողբերգության, որը միշտ հորիզոնում է:
Երեք տարվա ընթացքում Ալեքսիս Փազումյանը նկարահանում է սեւ պարտեզի վերջաբանը, մի երկիր, որտեղ պատերազմը ոչ ոքի չի սպասում:
Լինում է, չի լինում, ռեժիսոր՝ Էմիլի Մկրտչյան
«Լինում է, չի լինում»-ը պատմում է չորս կանանց պատմությունները՝ ներկայացնելով, թե ինչպես են նրանք անցնում պատերազմի միջով։
Անորոշության մեջ չորս կանայք կյանք են կառուցում՝ իրենց տունն ավելի լավ վայր դարձնելու հույսով: Կանանց դերերը փոխվում են պատերազմի պատճառով: Առաջին գծում զենք վերցնելուց մինչեւ որպես փախստական իրենց տներից հեռանալը, հեղինակը հետեւում է, թե ինչպես է փոխվում յուրաքանչյուր կնոջ կյանքը: Պատերազմն ավարտվում է, այս կանանց՝ նոր իրականության մեջ գոյատեւելու պայքարի ֆոնին։ Հեղինակը պատկերել է ընդմիշտ կորսված տան առասպելը եւ այն կենդանի պահելու ուժը:
Ժամանակացանկ
«Թեզետա» — հուլիսի 8-ին, 16:30; Կինոյի տուն
«1489» — հուլիսի 9-ին, 19:30; Կինոյի տուն եւ հուլիսի 14-ին, 17:00; կինոյի տուն
«Տունս քաղցր ա» — հուլիսի 12-ին, 19:30; Մոսկվա կինոթատրոն, կապույտ սրահ
«Սև այգի» — հուլիսի 11-ին, 17:00; կինոյի տուն
«Լինում է, չի լինում» — հուլիսի 11-ին, 12:30 եւ 19:00; Մալյան թատրոնի դահլիճ