Ռուսաստանը համաձայն է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հունիսին հնչեցրած այն հայտարարության հետ, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շահերից ելնելով անհրաժեշտ է ստեղծել խաղաղության միջազգային հարթակ՝ դրանում երկրների լայն մասնակցությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գիտեք, որ [Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր] Պուտինը ուկրաինական հակամարտության դիվանագիտական ջանքերով լուծում գտնելու քաղաքականության նախապատվության հավատարիմ կողմնակիցն է։ Իհարկե, մենք երբեք չենք հրաժարվել բանակցություններից։ Ընդհակառակը, մենք բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ բանակցությունների կողմնակիցն ենք եղել։ Դեռեւս նման հարթակ չկա եւ այստեղ կարելի է միայն համաձայնել պարոն Ֆիդանի հետ»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ հունիսին Ֆիդանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Նիժնի Նովգորոդում մասնակցել էր BRICS+-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Նա նաեւ բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։
Ըստ պաշտոնական աղբյուրների հանդիպումների ընթացքում քննարկվել են Ուկրաինայում եւ Սիրիայում ընթացող հակամարտությունների կարգավորումը, ինչպես նաեւ Գազայի հատվածում տիրող իրադրությունը։