Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է ընդունել հանրապետության վարչապետ Գաբրիել Ատտալի հրաժարականը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Գործակալության տվյալներով՝ նախագահը վարչապետին խնդրել է «ժամանակավորապես մնալ իր պաշտոնում՝ երկրում կայունություն ապահովելու համար»։
Ատտալի հետ հանդիպումից հետո Մակրոնն նաեւ ընդունել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինին, ով նույնպես հայտնել է ընտրություններից հետո հրաժարական տալու մտադրության մասին։ Ինչպես նշում է AFP-ն, կառավարությունն իր ներկայիս կազմով կշարունակի աշխատել մինչև աշնան սկիզբ՝ Օլիմպիական (հուլիսի 26 — օգոստոսի 11) և պարալիմպիկ խաղերը (օգոստոսի 28 — սեպտեմբերի 8) կազմակերպելու համար։
Բացի այս, երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի ղեկավարը պետք է նաեւ մեկնի Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա ընթացիկ ներքին հարցերին կկարողանա վերադառնալ միայն հինգշաբթի օրը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կիրակի օրը կայացավ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Արդյունքում ձախ կուսակցությունների «Նոր Ժողովրդական Ճակատ» դաշինքը կարողացել է Ազգային ժողովում ձեռք բերել 182 մանդատ։
Նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակից աջ կենտրոնամետ «Միասին հանուն հանրապետության» դաշինքը, որի մեջ է նաեւ Ատտալի «Վերածնունդ» կուսակցությունը, կորցնելով նախկին մեծամասնությունը, այժմ խորհրդարանում կլինի երկրորդը՝ 168 տեղով։
Մարին Լը Պենի եւ Ջորդան Բարդելլայի աջակողմյան «Ազգային միավորումն» էլ, որը համարվում էր ֆավորիտ, այս անգամ կստանա 143 տեղ։