Իրանը կաջակցի Լիբանանին` այդ երկրի դեմ իսրայելական ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։
«Լիբանանի դեմ ցանկացած ագրեսիա կհանգեցնի տարածաշրջանում անկայունության եւ լարվածության սրման։ Սիոնիստների (նկատի ունի Իսրայելին) արկածախնդիր գործողությունները կարող են ազդել ողջ աշխարհի եւ տարածաշրջանի վրա, սակայն փորձը ցույց է տվել, որ Լիբանանը կարող է ապահովել իր անվտանգությունը։ Իրանը Լիբանանին աջակցությունը համարում է [իր արտաքին քաղաքականության] սկզբունքներից մեկը եւ դիտարկում է Լիբանանին ճիշտ ժամանակին օգնություն տրամադրելու հնարավորությունը»,-ասել է Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ։
Իրանի ԱԳՆ խոսնակն այսպես է մեկնաբանել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական եւ Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հայտարարությունը։
Հուլիսի 2-ին Խարազին ասել էր, որ Թեհրանը լիովին կաջակցի շիայական «Հեզբոլլահ» շարժմանը, եթե Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսի Լիբանանի դեմ։
Հունիսի կեսերին իսրայելական բանակի հրամանատարությունը հաստատել է Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ հարձակման օպերատիվ պլանը:
Իրանի աջակցությունը վայելող Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ու Իսրայելի միջեւ լարվածությունը աճել էր Գազայում Իսրայելի բանակի հարձակողական գործողությունների մեկնարկից հետո, որոնք իրականցվել են ի պատասխան 2023-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումների։ Որպես ռազմական բախումների դադարեցման պայման «Հեզբոլլահը» պահանջում է Գազայում կրակի դադարեցում եւ իսրայելական բանակի ամբողջական դուրս բերում։