Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայում տասը տարի ժամկետով անվտանգության համագործակցության համաձայնագիր են ստորագրել, հայտնում է Ուկրաինայի նախագահի կայքը։
Համաձայնագրի շրջանակներում Լեհաստանը կդիտարկի ՄիԳ-29-երի առնվազն մեկ լրացուցիչ էսկադրիլիա (առնվազն 14 կործանիչ) Ուկրաինային փոխանցելու հարցը։
Փաստաթուղթը նախատեսում է նաեւ Ուկրաինայի օդային տարածքում Լեհաստանի ուղղությամբ արձակված կամ թռչող հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ոչնչացնելու հնարավորություն։
Համաձայնագիրը նաեւ խոսվում է «Ուկրաինական լեգիոնի» կազմավորման մասին, որը Լեհաստանի տարածքում զբաղվելու է Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի պատրաստությամբ։ Դրան միանալու են Լեհաստանում եւ հարակից այլ երկրներում ժամանակավորապես ապաստանած ուկրաինացիները։
«Փաստաթուղթն ուղղված է ոչ ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես՝ հետախուզության, կիբերանվտանգության, ծովային եւ տեղեկատվական անվտանգության, կարեւորագույն ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտներում։ Համաձայնագրի առանձին բլոկներ վերաբերում են տնտեսության վերականգնմանն ու վերակառուցմանը, սահմանային ենթակառուցվածքներին եւ տարանցիկ ներուժի զարգացմանը»,-ասվում է Ուկրաինայի նախագահականի հաղորդագրության մեջ։
Համաձայնագրում ամրագրված են նաեւ քաղաքական համագործակցության հարցեր՝ եվրաինտեգրման, ուկրաինական խաղաղության բանաձեւի իրականացման, պատժամիջոցների, Ուկրաինայի կորուստների փոխհատուցման եւ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Ռուսական ներխուժման սկզբից Վարշավան Կիեւին տրամադրել է ավելի քան 4 միլիարդ եվրո արժողությամբ տարբեր տեսակի զենքի եւ զինամթերքի 44 ռազմական փաթեթ, նշվում է հաղորդագրության մեջ։ Լեհաստանն այս տարի եւս մի քանի ռազմական օգնության փաթեթ կտրամադրի եւ, ըստ պայմանավորվածության, կշարունակի աջակցել Ուկրաինային պայմանագրի ժամկետի շրջանակներում։