«Առաջիկա երկու ամիսների ընթացքում ուկրաինական ճակատներում հնարավոր է ավելի շատ դրամատիկ կորուստներ լինեն եւ ռազմական գործողություններ ընթանան, քան երբեւէ»։ Նման նախազգուշացում է արել Հունգարիայի վարչապետ Վիկոր Օրբանը։ Նա ոչ հրապարակային նամակ է հղել Եվրամիության ղեկավարությանը, որտեղ Բրյուսելին հայտնել է Ուկրաինայի պարտության հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության մասին։
«Սիստեմա» հետաքննական նախագիծը եւ «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը սեփական աղբյուրների միջոցով ծանոթացել են նամակի բովանդակության հետ, որը Օրբանն ուղղել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ ԵՄ անդամ երկրների ղեկավարներին 2024 թվականի հուլիսին Կիեւ եւ Մոսկվա կատարած այցից հետո։ Նամակը թվագրված է հուլիսի 5-ով եւ ուղարկվել է Ադրբեջանից, ուր Օրբանը գնացել էր Պուտինի հետ մոսկովյան հանդիպումից հետո։
Նամակում Օրբանը գրում է, որ Ուկրաինա եւ Ռուսաստան կատարած իր այցերի ժամանակ նա չի խոսել ողջ ԵՄ-ի անունից, այլ միայն ցանկացել է պարզել պատերազմող կողմերի դիրքորոշումները։
Օրբանի դիտարկումներով՝ ռուսական իշխանությունները վստահ են, որ «ժամանակը ոչ թե Ուկրաինայի, այլ ռուսական ուժերի կողմն է»։ Հունգարիայի վարչապետի հետ զրույցում Պուտինը չի նշել ռազմաճակատում ռուսական կորուստների մասին, սակայն բավականին շատ խոսել է ուկրաինական կողմի կորուստների վերաբերյալ իր հաշվարկների մասին։ Նամակում Օրբանը Պուտինին մեջբերելով գրում է, որ ուկրաինացիների կորուստները «ամսական կազմում է 40-50 հազար»։ ՌԴ նախագահը վերջերս նույն գնահատականը նշել էր նաեւ արտասահմանյան լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանի նախագահը զարմացած էր, որ Ուկրաինայի նախագահը մերժել է ժամանակավոր զինադադարը»,- գրում է Օրբանը։
Հունգարիայի վարչապետը Կիեւ կատարած այցի ժամանակ Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է ժամանակավոր հրադադարի անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ, Bloomberg-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ չէ ժամանակավոր հրադադարի, քանի որ Ռուսաստանը կարող է օգտագործել այդ ժամանակահատվածը՝ օկուպացված տարածքներում ուժեր կուտակելու համար։
Դատելով Օրբանի նամակից՝ Պուտինը նույնպես վախենում է Ուկրաինայի կողմից նմանատիպ գործողություններից։ «ՌԴ նախագահի խոսքով՝ իրենք պատրաստ են դիտարկել հրադադարի ցանկացած առաջարկ, որը չի ծառայի որպես ուկրաինական ուժերի գաղտնի վերատեղակայում եւ վերախմբավորում»,-նամակում գրում է Օրբանը։
Օրբանը նշում է, որ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Կիեւը պատրաստ են խաղաղ բանակցությունների միայն երկու կողմերի մասնակցությամբ։ Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովից հետո Ուկրաինան հայտարարեց, որ հաջորդ գագաթնաժողովին կհրավիրի Ռուսաստանին։ Սա նամակի միակ մասն է, որտեղ Օրբանը մանրամասնորեն պատմում է Ուկրաինայի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ։