Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է պաշտպանության ոլորտում Վրաստանին աջակցելու համար տրմադրվելիք 30 միլիոն եվրոն սառեցնելու ԵՄ որոշման մասին։ Այս մասին դիվանագետը լրագրողներին ասել է Թբիլիսիում ընթացող «ԵՄ ընդլայնումը. աշխարհաքաղաքական անհրաժեշտություն եւ հետագա քայլեր ԵՄ թեկնածու երկրների համար» երկօրյա միջազգային համաժողովի շրջանակներում։
«Եվ սա միայն առաջին քայլն է, կլինեն ուրիշները։ Մեր անմիջական օգնությունը Վրաստանի կառավարությանը կկրճատվի, եւ մենք կփորձենք այդ ուղղակի օգնությունը ուղղել քաղաքացիական հասարակությանը եւ ԶԼՄ-ներին: Այս մասին հայտարարվել է Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպումից հետո»,-ասել է ԵՄ դեսպանը։
Գերչինսկին նաեւ նշել է, որ դեռեւս պարզ չէ, թե արդյոք ԵՄ ընդլայնման գործընթացը կվերաբերվի նաեւ Վրաստանին։
«Ընդլայնումը Եվրամիության առջեւ ծառացած կարեւորագույն մարտահրավերներից է, եւ անկեղծորեն հավատացած եմ, որ նորընտիր ղեկավարության [կառավարման] հաջորդ 5 տարիների ընթացքում Եվրոպական միության հետագա ընդլայնման մեծ ալիք կլինի։ Վրաստանի դեպքում դեռ պարզ չէ, թե արդյոք այն մաս կկազմի ԵՄ ընդլայնման հաջորդ մեծ ալիքին։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ դա տեղի կունենա, եւ հոկտեմբերի ընտրություններից հետո մենք կվերսկսենք մեր աշխատանքը եւ կկարողանանք ապահովել, որ Վրաստանը դառնա ԵՄ հետագա ընդլայնման մաս»,-ասել է եվրոպացի դիվանագետը։
Նա ընդգծել է, որ ներկա պահին Վրաստանի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կասեցված է։ Գերչինսկիի խոսքերով Եվրոպական միության ղեկավարները դա շատ հստակ հայտարարել էին դեռ Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից հետո։
«Չեմ կարող պատկերացնել, որ Վրաստանն այս տարի առաջ կգնա, քայլեր կանի, քանի որ Եվրամիության ղեկավարները որոշել են սառեցնել անդամակցության գործընթացը։ Այժմ նրանք համբերատար սպասում են, որ Վրաստանի կառավարությունը էլ ավելի հստակ կլինի»,-ասել է դեսպանը։