Հնդկաստանը գնահատում է Ռուսաստանի հետ իր բարեկամությունը։ Այս մասին X-ի էջում գրել է պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդին։
«Ռուսաստանի հետ բարեկամությունը մի բան է, որը մենք շատ ենք գնահատում։ Հնդկ-ռուսական բարեկամության հիմքը մարդկանց միջեւ շփումն է»,-գրել է Մոդին։
Ավելի վաղ Մոսկվայում հնդկական համայնքի հետ հանդիպմանը Հնդկաստանի վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր դեր է խաղացել կինոն։ «Ռաջ Կապուրի, Միթհունի [Չակրաբորտիի] նման արվեստագետները ամրապնդել են Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամությունը», — ասաց նա:
Հուլիսի 8-ին Հնդկաստանի կառավարության ղեկավարը այցով ժամանել է Մոսկվա, որտեղ կանցկացվի ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովը։ Իր թռիչքից առաջ Մոդին ասել է, որ անհամբեր սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ նրան անվանելով ընկեր:
Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջեւ հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը զարգացել է վերջին 10 տարիների ընթացքում, ներառյալ էներգետիկայի, անվտանգության, առեւտրի, ներդրումների, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության եւ մարդկանց միջեւ փոխանակման ոլորտներում, նշել է Մոդին: Նա նաեւ հավելել է, որ Հնդկաստանը եւ Ռուսաստանը պետք է ունենան իրենց դերը խաղաղ եւ կայուն տարածաշրջանի պահպանման գործում։
Նախօրեին Մսկվա ժամանելուց հետո երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ Հնդկաստանի վարչապետը հանդիպել են Նովո-Օգարեւոյում ոչ պաշտոնական միջավայրում։ Երկու երկրների պատվիրակությունների պաշտոնական բանակցությունները նախատեսված են այսօր՝ հուլիսի 9-ին։