Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է իշխանափոխություն իրականացնել Վրաստանում, այս մասին ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ «Վաշինգտոնը վճռական է տրամադրված Վրաստանում իշխանափոխության հասնելու հարցում ՝ հոկտեմբերի 26-ին նշանակված երկրի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով»։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության համաձայն նախագահ Ջո Բայդենի վարչակազմն արդեն սկսել է լայնածավալ տեղեկատվական արշավ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկաբեկման համար։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «ԱՄՆ-ի դրդմամբ կարող է առանցքային դեր խաղալ հակակառավարական տրամադրություններ հրահրելու գործում, ինչը կարող է ի վերջո հանգեցնել հերթական գունավոր հեղափոխությանը»։
Ըստ հետախուզական ծառայության տվյալների Վաշինգտոնում արդեն ծրագրել են Զուրաբիշվիլիի մասնկացությամբ հետագա քայլերը։
«Ինչպես ծրագրել են «Վաշինգտոնի ռեժիսորները», պետության ղեկավարը հարցազրույց կտա ամերիկյան լրատվամիջոցներից մեկին, որում կմեղադրի Վրաստանի կառավարությանը ԵՄ-ին Թբիլիսիի անդամակցության շուրջ բանակցային գործընթացի դեգրադացիայի մեջ, լայն հանրությանը կնախազգուշացնի «Մոսկվայի հետ մերձեցման աղետալի հետեւանքների» եւ Ռուսաստանից վերաբնակիչների Վրաստանին հասցված վնասի մասին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Հաջորդիվ նշվում է, որ Վաշինգտոնը միեւնույն ժամանակ «Զուրաբիշվիլիի բերանով մտադիր է ընտրողներին պատրաստել ինչ-որ քաղաքական անակնկալի՝ «Վրացական երազանքի» համար, որը հերթական անգամ կարող է հանդիսանալ գունավոր հեղափոխություն»։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը հայտարարություններ է հնչեցնում աշնանը Վրաստանում սպասվող անկարգությունների վերաբերյալ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հունիսի 4-ի հայտարարության համաձայն՝ Արեւմուտքը փորձում է մինչեւ հոկտեմբեր նոր «մայդան» իրականացնել Վրաստանում։
«Մայդանի» սցենարի հնարավոր զարգացման եւ իշխանության տապալման սպառնալիքի մասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո սկսել էին խոսել նաեւ Վրաստանի իշխանությունները։