Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկու հայտարարությունը ԵՄ կողմից Վրաստանի պաշտպանության ամրապնդման համար հատկացված 30 միլիոն եվրոն սառեցնելու մասին համարում է որպես պատասխան քայլ, որն ուղղված է հակաեվրոպական հռետորաբանության եւ «Վրացական երազանքի» կառավարության գործողությունների դեմ։ Պատճառներից մեկն էլ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումն է։
«ԱՄՆ զորավարժությունների չեղարկմանը հաջորդեց Եվրամիության որոշումը՝ սառեցնել Պաշտպանության ուժերի համար նախատեսված 30 մլն եվրոն […]։ Սա պատասխան է այն բանի, որ նրանց բոլոր խորհուրդներն ու զգուշացումները մնացել են անպատասխան․ գոնե խորհրդանաշական ձեւով միակ ռուսական օրենքի հանելը կամ սառեցնելը, որը ոչ մի բանի եւ ոչ մեկի համար պետք է չէ։ Ընդհակառակը, իշխանության խոսափողներից այլ բան չի լսվում, քան․ «ամեն դեպքում» մենք կանդամակցենք Եվրամիությանը, կամ ֆեյսբուքյան անձնական էջերում հայտարարություններ տարածելը, թե այդ զորավարժություններն իրականացվելու էին «ի շահ երկու երկրների»,-ասել է Զուրաբիշվիլին։
Բացի այդ, ուղերձում Սալոմե Զուրաբիշվիլին եւս մեկ անգամ բացատրել եւ պատասխանել է այն հարցին, թե ինչու է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը համարվում ռուսական։
«Թեեւ սա պատասխան է իրենց նկատմամբ իշխող կուսակցության հիմար եւ թշնամական քաղաքականությանը, բայց միեւնույն ժամանակ դա նախազգուշացում է հասարակության համար. մեր գործընկերները մեզ ասում են, որ «ընտրությունը ձերն է» եվրոպական անվտանգ ապագա ունեցող Վրաստանի եւ դեպի մեկուսացված ռուսական ուղեծիր անցում կատարելու միջեւ։ Մեզ ասում են, որ այս օրենքը եւ այս անբարյացակամ պահվածքը դեռեւս համատեղելի չեն եվրոպական կամ ամերիկյան աջակցության հետ»,-նշել է Վրաստանի նախագահը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 9-ին Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է, որի մասին որոշումը կայացրել են ԵՄ ղեկավարները Խորհրդի վերջին նիստի ընթացքում։