Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել ցանկացած ձեւով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղություն հաստատելու համար։
«Որպես ձեր ընկեր, ես ձեզ միշտ ասել եմ, որ խաղաղությունը ապագա սերունդների պայծառ ապագայի համար պարտադիր է, ուստի մենք հավատում ենք, որ պատերազմը լուծում չէ: Լուծումը չի կարող լինել պատերազմի միջոցով։ Ռումբերը, հրթիռներն ու հրացանները չեն կարող ապահովել խաղաղություն, ուստի մենք կարեւորում ենք երկխոսությունը, եւ երկխոսությունն անհրաժեշտ է»,-հայտարարել է Հնդկաստանի վարչապետը, ում խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։
Մոդիի խոսքերով՝ նախօրեին Պուտինի հետ ունեցած զրույցի ժամանակ «լավատեսություն է զգացել» եւ իր մոտ «հույսեր են առաջ եկել ապագայի հանդեպ»։ Մոդին նշել է, որ «լսել է» Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը եւ նրա «դրական տեսակետները»։
Իր հերթին Պուտինը շնորհակալություն է հայտնել Մոդիին «ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու» ուղիներ փնտրելու փորձերի համար։
Հնդկաստանի վարչապետը նաեւ նշել է, որ «ամեն ոք, ով հավատում է մարդկությանը, ցավ է զգում, երբ մարդիկ են մահանում, հատկապես, երբ մահանում են անմեղ երեխաները»:
«Երբ մենք այդպիսի ցավ ենք զգում, ապա սիրտը պատռվում է։ Նախօրեին ես հնարավորություն ունեցա խոսել այդ հարցերի շուրջ»,-ասել է Մոդին։
Հնդկաստանի վարչապետը երկօրյա այցով Մոսկվա է ժամանել հուլիսի 8-ին։ Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ նա Պուտինի հետ պայմանավորվել է ռուսական բանակից զորացրել Հնդկաստանի այն քաղաքացիներին, որոնք խաբեությամբ հավաքագրվել էին ուկրաինական պատերազմում կռվելու համար։
Մոդիի այցը Մոսկվա քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հուլիսի 8-ին Կիեւի մանկական հիվանդանոցի ռմբակոծումից հետո, Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ «նման օրը Մոսկվայում աշխարհի ամենամեծ ժողովրդավարության առաջնորդի շխարհի ամենամահաբեր հանցագործի հետ գրկախառնությունը տեսնելը մեծ հիասթափություն եւ ջախջախիչ հարված է խաղաղության ջանքերին»։