Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին լրագրողների հետ զրույցում անհասկանալի է համարել հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը կասեցնելու մասին Եվրամիության որոշումը։
«Նման ֆինանսական օգնությունը ծառայել եւ շարունակում է ծառայել մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը եւ այն կարողությունների զարգացմանը, որոնցով երկիրը պետք է դիմագրավի սպառնալիքներին։ Այս տեսակի միկրոլուծումները մեզ համար անհասկանալի են մնում»,-ասել է Վրաստանի արտգործնախարարը։
Չնայած այս ամենին, Դարչիաշվիլիի խոսքով, Վրաստանին 30 միլիոն եվրոյի հատկացման կասեցումը չի խոչընդոտի հանրապետության ինտեգրմանը ԵՄ-ին։ «Կարծում եմ՝ այս որոշումը միկրո մակարդակով է կայացվել։ Նման որոշումները ոչ մի կերպ չեն խոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրման ձգտումներին»,-եզրափակել է նախարարը։
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը որոշել է սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։
Դիվանագետը նաեւ հայտարարել էր, որ կասեցվել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը։