ԱՄՆ-ից հետո Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին հայտարարում է Գերմանիան։
Դեսպան Պիտեր Ֆիշերը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ դա առաջին հերթին կանդրադառնա Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վրա։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին մենք համարվում ենք Վրաստանում զարգացման ամենամեծ դոնորներից մեկը։ Մենք որոշեցինք նոր պարտավորություններ չստանձնել Վրաստանի նկատմամբ, հետեւաբար Գերմանիայից Վրաստանի նկատմամբ նոր ֆինանսական պարտավորություններ չկան»,-հայտարարել է Ֆիշերը։
Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ Գերմանիան ավելի վաղ չեղարկել էր Վրաստանում նախատեսված մի շարք միջոցառումները եւ այժմ էլ հրաժարվել է մասնակցել համատեղ Noble Partner զորավարժություններին։
Գերմանիայի դեսպանն ընդգծում է, որ որոշումներն ընդունվել են վրացական իշխանությունների կողմից ԵՄ-ի սկզբունքներին հակասող որոշումների եւ հակաեվրոպական հռետորաբանության պատճառով։
«Վրաստանում դեսպանի պաշտոնը իմ յոթերորդ նշանակումն է, եւ ես երբեք չեմ տեսել արտաքին քաղաքականության այնպիսի փոփոխություն, ինչպիսին այս տարվա առաջին կիսամյակում էր։ Կան բազմաթիվ օբյեկտիվ փաստարկներ։ Դրանց թվում է, այսպես կոչված, «թափանցիկության» օրենքը, որն անհամատեղելի է եվրոպական չափանիշներին։ Այս օրենքով դուք չեք կարողանա մուտք գործել ԵՄ[…]: 30 տարի է ինչ բարեկամություն ենք անում ու հանկարծ զարմանալի է, որ դարձել ենք ֆաշիստ, գործընկերները նման հռետորաբանությամբ չեն խոսում։ Եթե կառավարությունն անպատշաճ հռետորաբանություն է օգտագործում բարեկամների նկատմամբ, ապա բարեկամությունը փոխվում է»,-ասել է դեսպան Ֆիշերը։
Դիվանագետը նաեւ նշել է, որ Գերմանիայի նման մոտեցումը դեռեւս չի նշանակում, որ Բեռլինը այլեւս չի աջակցի Վրաստանի եվրոպական ճանապարհին, սակայն այն պատմական հնարավորությունը, որ առկա է ներկա փուլում երկար չի կարող գոյություն ունենալ։
Հիշեցնենք, որ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին նախօրեին վաղ հայտարարել էր, որ կասեցվել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը։
Դիվանագետը նաեւ հայտարարել էր, որ Եվրամիությունը որոշել է սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։