Հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում Թուրքիան մտադիր է Սիրիայում եւ Իրաքում ստեղծել մինչեւ 40 կմ երկարության հասնող անվտանգության միջանցք։ Այս մասին ամերիկյան Politico պարբերականին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը։
«Մենք հաստատակամ ենք Սիրիայի եւ Իրաքի հետ մեր սահմանների երկայնքով 30-40 կմ խորությամբ անվտանգության միջանցք ստեղծելու եւ տարածաշրջանն ամբողջությամբ ահաբեկիչներից մաքրելու հարցում։ Մենք կշարունակենք գործողությունները այնքան ժամանակ, մինչեւ չեզոքացվի վերջին ահաբեկիչը»,-նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա, որ Սեւ ծովի ավազանը վերածվի ռազմական գործողությունների թատերաբեմի։
«Թուրքիան այսօր միակ երկիրն է, որը կարողացել է բարձր մակարդակի բանակցություններում միավորել պատերազմի մեջ ներքաշված երկու կողմերին [Ռուսաստանին ու Ուկրաինային]։ Մենք թույլ չենք տա, որ Սեւ ծովը դառնա պատերազմի ռազմավարական ասպարեզ»,-ասել է Գյուլերը։