Իրանի նախկին փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, ամենայն հավանականությամբ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարությունում կզբաղեցնի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով ընտրված նախագահին մոտ կանգնած աղբյուրներին։
Նրանց փոխանցմամբ Փեզեշքիանի քաղաքական խորհրդատուները կարծում են, որ որ Արաղչին ամենահարմարն է երկրի ԱԳՆ ղեկավարելու համար։ Եթե «որեւէ առանձնահատուկ բան» չպատահի, քաղաքական գործչի թեկնածությունը կներկայացվի Իսլամական Հանրապետության խորհրդարանի քննարկմանը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Արաղչին արդեն ծառայում է որպես արտաքին քաղաքականության հարցերով Փեզեշքիանի խորհրդական։ Նա նորընտիր նախագահի հետ խորհրդակցություններ է անցկացրել տարածաշրջանի պետությունների ղեկավարների եւ իսլամական դիմադրության խմբերի առաջնորդների հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում։
Արաղչին 2017-ից 2021 թվականներին զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը: Նա երկար ժամանակ գլխավորել է երկրի պատվիրակությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ արեւմտյան երկրների հետ բանակցություններում։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988) ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Եղել է Իսլամական Հանրապետության դեսպանը Տոկիոյում եւ Հելսինկիում։ Ներկայումս զբաղեցնում է Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարի պաշտոնը։