ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2025 թվականին Ուկրաինային կհատկացնեն առնվազն 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։ Այս մասին ասված է Վաշինգտոնում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի արդյունքով ընդունված հռչակագրում։
Փաստաթուղթը հաստատում է «Ուկրաինայի ամբողջական եվրաատլանտյան ինտեգրման անշրջելի ուղին, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցությունը»: Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները ընդգծում են, որ Կիեւին իրենց միանալու հրավեր կուղարկեն «երբ բոլոր դաշնակիցները համաձայնեն դրան եւ բոլոր անհրաժեշտ պայմանները կատարվեն»։
Բացի այդ, որոշում է կայացվել ստեղծել Ուկրաինայի Անվտանգության աջակցության եւ ուսուցման ծառայություն (NSATU), որը կհամակարգի ռազմական տեխնիկայի մատակարարումը եւ անձնակազմի ուսուցումը։
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրի տեքստում կոչվում է որպես երկարաժամկետ հեռանկարում «անվտանգության ամենակարեւոր եւ անմիջական սպառնալիք»: «Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա ոչնչացրեց խաղաղությունն ու կայունությունը Եվրատլանտյան տարածաշրջանում եւ լրջորեն խարխլեց համաշխարհային անվտանգությունը», — նշվում է փաստաթղթում։
Դաշինքի անդամները նաեւ մտահոգություն են հայտնում Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ խորացող ռազմավարական գործընկերության եւ այդ երկրների կողմից «միջազգային կարգը փոխելու» փորձերի առնչությամբ։
«Ռուսաստանը միանձնյա պատասխանատվություն է կրում Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի համար, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է [․․․]։ Ռուսաստանը պատասխանատու է հազարավոր խաղաղ բնակիչների մահվան համար եւ զգալի վնաս է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի սարսափելի հարձակումները ուկրաինացի ժողովրդի վրա, այդ թվում՝ հուլիսի 8-ին հիվանդանոցների վրա իրականացրած հարձակումը։ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի այս պատերազմը եւ ամբողջությամբ եւ անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ուժերը Ուկրաինայից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումներին համապատասխան»,-ասվում է փաստաթղթում։
Հռչակագրում նաեւ նշվում է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն ձգտում առճակատման եւ վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար, ինչպես նաեւ պատրաստ են պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները՝ ռիսկը նվազեցնելու եւ էսկալացիան կանխելու համար։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Վաշինգտոնում անցկացվող գագաթնաժողովի ընթացքում հայտարարվել էր, որ Նիդեռլանդների եւ Դանիայի կառավարությունները ԱՄՆ-ի աջակցությամբ սկսել են ամերիկյան F-16 կործանիչներն Ուկրաինա տեղափոխելու «գործընթացը»։ Ակնկալվում է, որ Կիեւը կսկսի օգտագործել այդ ինքնաթիռները մինչեւ 2024 թվականի ամառվա վերջը։