Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության օրակարգի հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումները։
«Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն, ձեւավորել ենք համագործակցության ամուր հիմքեր եւ տեսնում ենք գործընկերության խորացման նշանակալի հեռանկարներ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում, բազմակողմ ձեւաչափերում»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր:
Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ հետ համագործակցության խորացումը, գործընկերության նոր օրակարգի ձեւավորումը, այդ թվում նաեւ՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործընթացին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով պայմանագրի տեքստի վերջնականացման ու ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված ամուր քաղաքական կամքը»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության տեքստում։