Եվրամիության եւ ԱՄՆ-ի որոշումները՝ կապված Վրաստանին պաշտպանական օգնության դադարեցման հետ, չեն արդարացնում վրացական իշխանությունների ակնկալիքները հարաբերությունների վերականգնման վերաբերյալ, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ «վերջին չորս տարիների քաղաքական իրադարձությունների լույսի ներքո այդ հարաբերություններն իսկապես վերակայման կարիք ունեն»։
«Վրացական կողմը, մեր պետությունը, մեր կառավարությունը սկզբից մինչեւ վերջ պատրաստ են դրան, սպասում ենք հաջորդ քայլերին։ Իհարկե, նման որոշումները հակաարդյունավետ են հարաբերությունների վերագործարկման համար: Հուսով եմ, որ ապագայում պրագմատիկ, ռացիոնալ, ճիշտ եւ արդար քայլեր կձեռնարկվեն, ինչը կօգնի վերականգնել ԱՄՆ-ի եւ Վրաստանի հարաբերությունները։ Մենք պատրաստ ենք դրան սկզբից մինչեւ վերջ»,-ասել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ «Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայումս դադարեցված է»։ Բացի այդ, դեսպանը հայտնել է, որ ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի պաշտպանության ուժերի համար 30 միլիոն եվրո ֆինանսական աջակցությունը։
Հուլիսի 5-ին էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված Noble Partner զորավարժությունները, որոնք Վրաստանն անցկացնում է 2016 թվականից։