Թուրքիան ցանկանում է, որ խաղաղության պայմանագիր կնքվի եւ խաղաղություն հաստատվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այստեղ եւս դրական քայլեր են արվել։ Եղբորս՝ Իլհամի հետ զրույցների ժամանակ նա նույնպես ասել է, որ դրական քայլերի կողմնակից է։ Որովհետեւ աշխարհը խաղաղության է ցանկանում, եւ այդ տարածաշրջանը նույնպես խաղաղություն է ցանկանում: Մենք ցանակնում ենք տեսնել այդ խաղաղությունը որքան հնրավոր է շուտ»,-Hurriyet-ի փոխանցմամբ ասել է Թուրքիայի նախագահը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հուլիսի 10-ին կայացավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն Բլինկենը հանդիպման ժամանակ նշել էր, որ կողմերը բավականին մոտ են վերջնական խաղաղությանը։
Միեւնույն ժամանակ բանակցությունների ավարտից հետո արդյունքների վերաբերյալ կողմերը եռակողմ հայտարարություն չեն տարածել։
Չնայած երկու կողմերն էլ բարձր մակարդակներով հնչեցրած հայտարարություններում հաճախ են ընդգծում, որ խաղաղության բանակցություններում առաջընթացներ են գրանցվում, այնուամենայնիվ վերջին շրջանում Բաքուն հաճախ է պնդում, որ համաձայնագրի ստորագրման համար հիմնական ու գլխավոր նախապայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։