Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ եւ նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայում գտնվող իր առանձնատանը։
Ինչպես երեւում է հանդիպմանը հաջորդած երկու կողմերի գրառումներից՝ քննարկման հիմնական թեման եղել է Ուկրաինայում ընթացող հակամարտության դադարեցումը։
«Պատիվ էր այսօր այցելել նախագահ Դոնալդ Թրամփին Մար-ա-Լագոյում: Մենք քննարկել ենք խաղաղության հասնելու ուղիները։ Օրվա լավ լուրն է սա։ Նա պատրաստվում է լուծել այս խնդիրը»,-X-ի էջում գրել է Հունգարիայի վարչապետը:
Թրամփն էլ Truth Social-ի էջում որպես պատասխան գրել է․ «Շնորհակալություն, Վիկտոր: Խաղաղությունը պետք է հաստատվի որքան հնարավոր է շուտ։ Չափազանց շատ մարդիկ են զոհվել պատերազմում, որը երբեք չպետք է սկսվեր»։
Օրբանը ժամանել էր Ֆլորիդայում գտնվող Թրամփի առանձնատուն՝ Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։ Նախորդ շաբաթ Հունգարիայի վարչապետը Կիեւում եւ Մոսկվայում հանդիպել էր նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաեւ այցելել էր Պեկին եւ հանդիպել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ։
Այցերը, որոնք անձամբ Օրբանն անվանում է «խաղաղ առաքելություն», քննադատության էին ենթարկվել ԱՄՆ եւ ԵՄ ղեկավարության կողմից։
Հունգարիան ներկայումս նախագահում է Եվրամիությունում։ Լրատվամիջոցը նշել է, որ Հունգարիայի վարչապետը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում խուսափել է շփվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, ով պատրաստվում է Թրամփի հետ պայքարել նախագահական ընտրություններում։