Վրաստանի կառավարությանն ուղղակի օգնությունը դադարեցնելու Եվրամիության որոշումը Թբիլիսիի որոշումների հետեւանքն էր։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գարսին Բաստիլի գրավման օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։
«Հունիսի 27-ին Եվրոպական խորհուրդը եզրակացրեց, որ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը դե ֆակտո կասեցված է։ Սա Վրաստանի կառավարության ընդունած որոշումների արդյունքն է, որի մասին բոլորը գիտեն։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել մեր անմիջական օգնությունը Վրաստանի բյուջեին եւ ավելացնել քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին ցուցաբերվող օգնությունը»,-ասել է դեսպանը։
Գարսին հավելել է, որ «բոլոր ոլորտներում աջակցությունը» վերականգնելու համար Վրաստանի կառավարությունը պետք է փոխի կուրսը։
«Անդամակցության գործընթացը ներկայումս սառեցված է։ Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին, ողջ վրաց ժողովրդին միասին կանգնել, միավորել ուժերը եւ շարունակել շարժվել հիմա, երբ ճանապարհը պատրաստ է ձեզ համար։ Մենք սպասում ենք»,-նշել է դիվանագետը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես մասնակցել է Թբիլիսիում Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը։ Նա հեռացել է միջոցառումից՝ առանց լրատվամիջոցների մեկնաբանություն տալու։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեկնաբանելով Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը նշել էր, որ այն տարակուսանք է առաջացրել Թբիլիսիի մոտ։
«Ֆրանսիայից Վրաստանի բյուջեին ուղղակի ֆինանսավորում չկա: Հետեւաբար, մի փոքր զարմանալի է եւ անհասկանալի, թե ինչ նկատի ուներ դեսպանը»,-ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ ԵՄ-ին Վրաստանի միանալու գործընթացը կասեցված է։ Նա նաեւ հավելել էր, Վրաստանի պաշտպանության նախարարության համար 30 մլն եվրոի հատկացումը չեղարկման մասին։ Սրան հաջորդել էր նաեւ Գերմանիայի կողմից ֆինանսական օգնության դադարեցման մասին հայտարարությունը։ Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ն էլ չեղարկել էր Վրաստանի հետ սպասվող համատեղ զորավարժությունները։