ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը հայտարարել է Ուկրաինային 225 մլն դոլարի չափով օգնության նոր փաթեթի տրամադրման մասին։ Այս մասին հայտնում է Պենտագոնի կայքը։
Փաթեթը ներառում է մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, HIMARS եւ NASAMS համակարգերի հրթիռներ, Stinger հակաօդային համալիրի զենթիային հրթիռներ, Javelin եւ AT-4 հակատանկային համակարգեր, ինչպես նաեւ հրետանային արկեր եւ զինամթերք հրաձգային զինատեսակների համար:
«Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել մոտ 50 դաշնակիցների եւ գործընկերների հետ, որպեսզի Ուկրաինայի պաշտպաններին ապահովի կիրտիկական կարեւոր միջոցներով, որոնք անհրաժեշտ են ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու համար»,-ասվում է Պենտագոնի հաղորդագրության տեքստում։
ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, Ուկրաինային կտրամադրեն հակաօդային պաշտպանության հինգ լրացուցիչ համակարգեր, այդ թվում՝ Patriot եւ SAMP-T համակարգեր։
Financial Times-ն էլ գրել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է դադարեցնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի եւ հրթիռների մատակարարման պայմանագրերը գործընկեր երկրների հետ այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չունի այդ համակարգերի եւ դրանց զինամթերքի բավարար քանակությունը՝ Ռուսաստանից օդային հարձակումներից պաշտպանվելու համար:
Մայիսի կեսերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին AFP-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկիրն ունի իրեն անհրաժեշտ հակաօդային պաշտպանության համակարգերի միայն մեկ քառորդը։ Նա նաեւ քննադատել էր արեւմտյան որոշ երկրներին՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար իրենց տրամադրած զենքերն օգտագործելու սահմանափակումները։ Դրանից հետո Կիեւի գործընկեր շատ երկրներ սկսեցին հայտարարել, որ դեմ չեն Ռուսաստանի Դաշնության տարածքը Ուկրաինային փոխանցած զենքով հարվածելուն։