Եվրամիության Խորհրդում Հունգարիայի նախագահության 12 օրերի ընթացքում Բուդապեշտը մեծ վնաս է հասցրել համայնքին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարությունը։
«Պետք է տեսնենք, թե ինչպես է շարունակվում Հունգարիայի նախագահությունը ԵՄ Խորհրդում։ Այժմ Հունգարիայի նախագահության 12-րդ օրն է եւ այն արդեն պատճառել է բազմաթիվ կողմնակի վնասներ»,-ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Բեռլինն արձագանքում Չինաստան եւ Ռուսաստան Օրբանի դիվանագիտական այցերին։
Հուլիսի 1-ին ԵՄ Խորհրդի նախագահությունը վեց ամսով անցել է Հունգարիային։ Հուլիսի 2-ին նա ուղեւորվել էր Ուկրաինա, Կիեւում հանդիպել էր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ նրան կոչ արել մինչ բանակցությունների մեկնարկը նախ մտածել հրադադարի հաստատման մասին։
Հուլիսի 5-ին էլ Օրբանը Կիեւից ուղեւորվել էր Մոսկվա, որտեղ էլ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ հակամարտող կողմերի դիրքորոշումները կտրականապես տարբերվում են միմյանցից։
Իսկ ահա Պեկինում հուլիսի 8-ին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հանդիպմուից հետո Հունգարիայի վարչապետը X-ի էջում գրել էր, որ «Չինաստանը առանցքային ուժ է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմում խաղաղության համար պայմաններ ստեղծելու գործում»։
Օրբանի նման այցերը, որոնք նա կոչել է խաղաղության առաքելություն, քննադատության էին արժանացել ԵՄ ղեկավարության ու ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի կողմից։