Հայ-ամերիկյան «Eagle Partner» զորավարժությունները, որոնք նախատեսված են հուլիսի 15-ը 24-ը խաթարում են Հայաստան-Ռուսաստան անվտանգության ոլորտում համագործակցության մեխանիզմները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Հայաստանին նման զորավարժություններին եւ ուսումնական ծրագրերին ներգրավելը նշանակում է ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափանիշների պարտադրում, որի շնորհիվ Արեւմուտքը լրացուցիչ լծակներ է ձեռք բերում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա։
«Երեւանի նման քայլերը, որոնք դառնում են համակարգային, խաթարում են այս ոլորտում փոխգործակցության հաստատված մեխանիզմների գործարկման հեռանկարները»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նաեւ նշել է, որ Հայաստանի նման որոշումները միայն ափսոսանք են առաջացնում՝ հատկապես ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելուց եւ, Զախարովայի խոսքերով, «այդ կառույցի դեմ հանրային հարձակումներ իրականացնելուց հետո»։
«Ինչպիսի խաղաղարար նպատակների մասին հայտարարի Արեւմուտքը, հիմնական խնդիրը, ակնհայտ է, որ սեփական աշխարհաքաղաքական նախագծերի իրականացման համար պլացդարմ ստեղծելն է»,-ասել է Զախարովան։