ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վիրավորվել է Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ հնչած կրակոցներից հետո։
Տեսագրություններում երեւում է, թե ինչպես է նախկին նախագահը դեմքին արյան հետքերով Գաղտնի ծառայությունների ներկայացուցիչների օգնությամբ հեռանում բեմից:
Շրջանի դատախազի փոխանցմամբ հրաձիգը եւ հանրահավաքի մեկ մասնակից սպանվել է։
Ավելի ուշ հայտարարություն էր տարածել Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է Թրամփի պաշտպանության համար։ Հաղորդվում է, որ հրաձիգը մի քանի կրակոց էր արձակել դեպի բեմ «հանրահավաքի վայրից դուրս գտնվող բարձր տարածքից»:
«ԱՄՆ Գաղտնի ծառայությունը վնասազերծել է հրաձիգին, նա մահացել է։ ԱՄՆ Գաղտնի ծառայությունն արագորեն պաշտպանական միջոցներ է ձեռնարկել, եւ նախկին նախագահ Թրամփը այժմ ապահով է։ Զոհվել է հանրահավաքի մեկ մասնակից, երկուսը՝ ծանր վիրավորվել։ Միջադեպը հետաքննվում է։ Գաղտնի ծառայությունը տեղեկացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոին»,-ասվում է հաղորդագրության մեջ
Ժամեր անց ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հաղորդեց, որ Թրամփին սպանելու փորձ կատարած անձը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։
«Ակտիվ հետաքննությունը շարունակվում է, եւ յուրաքանչյուր ոք, ով տեղեկություն ունի, որը կարող է օգնել հետաքննությանը, խնդրում ենք լուսանկարները կամ տեսանյութերը ներկայացնել առցանց»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկա պահին Թրամփը արդեն դուրս է գրել հիվանդանոցից եւ տեղափոխվել է Նյու Ջերսիի իր առանձնատուն։
Տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ նախկին նախագահը Truth Social կայքում արդեն տվել է իր մեկնաբանությունը։
«Ինձ դիպչեց գնդակ, որը խոցել է աջ ականջիս վերին մասը։ Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, սուլոց լսեցի, կրակոցներ եւ զգացի, որ գնդակը պատռում է մաշկս։ Սկսվեց ուժեղ արյունահոսություն, եւ ես հասկացա, թե ինչ է կատարվում»,-ասվում է Թրամփի գրառման մեջ: Նա դրանում նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Գաղտնի ծառայությանը եւ բոլոր իրավապահ մարմիններին՝ կրակոցներին արագ արձագանքելու համար, ինչպես նաեւ ցավակցություն է հայտնել ցույցի ժամանակ զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին։
«Անհավանական է, որ նման գործողություն կարող է տեղի ունենալ մեր երկրում»,- գրել է ԱՄՆ նախկին նախագահը։
Թրամփի դեմ մահափորձը նաեւ դատապարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ինձ տեղեկացրել են Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության մասին։ Ես ուրախ եմ, որ նա այժմ ապահով է եւ իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա, իր ընտանիքի եւ բոլոր նրանց համար, ովքեր եղել են հանրահավաքում։ Սպասում ենք տեղեկատվությանը։ Ջիլը եւ ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան անվտանգությունը ապահովելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի եւ դատապարտի այս բռնությունը»,-հայտարարել է Բայդենը ճեպազրույցի ժամանակ։
Ավելի ուշ Դենվերում ԱՄՆ նախագահը նաեւ կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ։ Նա հայտնել է, որ Թրամփն իրեն արդեն «լավ է զգում»։ Բայդենի խոսքով, փորձել է կապ հաստատել նախագահական ընտրություններում իր մրցակցի հետ, բայց դեռ չի կարողացել դա անել։
Հարցին, թե արդյո՞ք Թրամփի հե տեղի ունեցածը իր գնահատականով մահափորձ էր, Բայդենը պատասխանել է, որ ավելի ուշ կխոսի այդ հարցի շուրջ։ «Ես կարծիք ունեմ, բայց փաստեր չունեմ», -եզրափակել է ԱՄՆ նախագահը։