Իսրայելական բանակը հայտարարել է, որ շաբաթ օրը Գազայի հատվածի հարավային մասում իրականացրած հրթիռային հարվածների հետեւանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի հրամանատարի տեղակալ Մուհամմեդ Դեյֆը եւ հայտնի դաշտային հրամանատար Ռաֆե Սալաման, ով ՀԱՄԱՍ-ի Խան Յունիս բրիգադի հրամանատարն է:
Իսրայելի պաշտպանության բանակի զեկույցում ասվում է, որ Սալաման 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա իրականացրած հարձակման կազմակերպիչներից մեկն էր, որով փաստացի սկսվել է ներկայիս պատերազմը։
Միեւնույն ժամանակ, դեռեւս ստույգ տեղեկություններ չկան իսրայելական հարվածի հիմնական թիրախ հանդիսացած Մուհամմադ Դեյֆի սպանված լինելու վերաբերյալ։ Իսրայելական կողմը ընդգծում է, որ դեռ չեն կարող հաստատել նրա մահվան մասին տեղեկությունները։ Նաեւ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը թաքցնում է Դեյֆի ճակատագրի մասին տեղեկությունը։
Պաղեստինյան շարժումն էլ իր հերթին պնդում է, որ հրամանատարը ողջ է եւ Իսրայելին մեղադրում է հարվածի հետեւանքով մեծ թվով պաղեստինցիների՝ առնվազն 90 մարդու սպանության մեջ։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հրթիռները հարվածել են փախստականների վրանային ճամբարին։ Իսրայելական բանակը հերքել է փախստականների ճամբարի վրա հարձակման մասին տեղեկությունը։
Մոհամմեդ Դեյֆը համարվում է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկը։
Կիրակի ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյային, հաղորդել էին, որ պաղեստինյան շարժումը դուրս է եկել Իսրայելի հետ հրադադարի եւ հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ պատանդառված անձանց ազատ արձակման շուրջ բանակցությունների նոր փուլից: Նշվում է, որ նման որոշման պատճառ է հանդիսացել պաղեստինյան բնակչության «զանգվածային սպանությունը» եւ Մուհամեդ Դեյֆի հնարավոր սպանությունը։
Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ը հերքեց բանակցություններից դուրս գալու մասին լուրերը՝ Իսրայելին մեղադրելով հակամարտությունը սրելու մեջ եւ դրանով հրադադարի համաձայնագրի ճանապարհը փակելու համար։
Պաղեստիբի ազգային վարչակզմը, որը վերահսկում է Հորդանան գետի Արեւմտյան ափը (բայց ոչ Գազայի հատվածը), շաբաթ օրը նույնպես ՀԱՄԱՍ-ին, Իսրայելի հետ միասին, անվանեց պատերազմի շարունակման պատասխանատու:«ՀԱՄԱՍ-ը կրում է Գազայում Իսրայելի կողմից շարունակվող բնաջնջման պատերազմը շարունակելու իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվության մի մասը։ Մենք կոչ ենք անում ՀԱՄԱՍ-ին առաջնահերթություն տալ ազգային բարձրագույն շահերին եւ չտրամադրել օկուպացիոն իշխանություններին կոտորածը շարունակելու լրացուցիչ պատճառներ»,-ասվում է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի վարչակազմի հայտարարության տեքստում: