Politico պարբերականի փոխանցմամբ՝ Եվրամիության արտգործնախարարները մտադիր են բոյկոտել Բուդապեշտում կայանալիք արտաքին հարաբերությունների գագաթնաժողովը։ Հունգարիան, որը նախագահում է ԵՄ Խորհրդում, նախատեսում է նիստն անցկացնել օգոստոսի 28-29-ը։
Ծրագրին անմիջականորեն ծանոթ ԵՄ երեք դիվանագետներ, ովքեր ցանկացել են անանուն մնալ, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներին կհրավիրի «պաշտոնական» խորհրդի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավիրած գագաթնաժողովի հետ միաժամանակ:
Politico-ի փոխանցմամբ ծրագիրն արդեն ոչ պաշտոնական մակարդակներով քննարկվել է ԵՄ մի քանի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ։ Բորելի թիմը այն ԵՄ 27 մշտական ներկայացուցիչներին կներկայացնի չորեքշաբթի օրը։
Օրբանը ամսվա սկզբին այցելել էր Կիեւ, Մոսկվա եւ Պեկին՝ կոչ անելով Ուկրաինայում նախ դադարեցնել կրակը, ապա բանակցություններ վարել։ Սրան սուր արձագանքեց ԵՄ ղեկավարությունը հայտարարելով, որ Օրբանը չունի Մոսկվայի հետ միության անունից բանակցություններ վարելու լիազորություն, չնայած ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությանը։ Դրանում նաեւ հիշատակվում էր ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո Կիեւին աջակցության հարցում Հունգարիայի խոչնդոտող դիրքորոշումները։ Չնայած, ինչպես նշում է Politico-ն, Բուդապեշտի եւ Բրյուսելի հարաբերություններում լարվածությունն աճում էր դեռեւս ուկրաինական պատերազմի սկսվելուց առաջ։ Այդ ժամանակ ԵՄ-ն Հունգարիային մեղադրում էր ժողովրդավարական նորմերից եւ օրենքի գերակայությունից հեռանալու մեջ։
Բոյկոտելով արտաքին հարաբերությունների գագաթնաժողովը՝ մյուս արտգործնախարարները ցանկանում են «հստակ ազդանշան ուղարկել, որ Հունգարիան չի խոսում ԵՄ-ի անունից», — ասել է դիվանագետներից մեկը պարբերականին:
«Եթե Բորելի կազմակերպած արտաքին գործերի պաշտոնական խորհուրդը կայանա նույն օրը, ապա նախարարները չեն կարողանա մեկնել Բուդապեշտ»,-նշել է պարբերականի մյուս աղբյուրը:
Politico-ն հիշեցնում է, որ ԵՄ այլ երկրներից միայն յոթ նախարարներ են մասնակցել Հունգարիայի նախագահության առաջին հանդիպմանը, որը կազմակերպվել էր Բուդապեշտում՝ միության արդյունաբերական քաղաքականությունը քննարկելու համար։