Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Եվրամիության երկրների ղեկավարներին։ Դրանք հիմնված են հուլիսի 2-ից հուլիսի 11-ը Ուկրաինա, Ռուսաստան եւ ԱՄՆ Օրբանի այսպես կոչված «խաղաղապահ» առաքելության արդյունքների վրա։
Նրա քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանի խոսքով՝ Հունգարիայի գործողությունների ծրագիրը դրված է բոլոր եվրոպական կառավարությունների ղեկավարների սեղանին։
«Վարչապետը Եվրոպական խորհրդի ղեկավարներին գրավոր տեղեկացրել է բանակցությունների առաջին փուլի արդյունքների, խաղաղության առաքելության եւ Հունգարիայի առաջարկների մասին։ Եթե Եվրոպան ցանկանում է խաղաղություն եւ ցանկանում է վճռական ձայն ունենալ ռազմական հակամարտությունը լուծելու եւ արյունահեղությունը դադարեցնելու հարցում, ապա այն այժմ պետք է զարգացնի եւ իրականացնի իր քաղաքական կուրսի փոփոխությունը»,-ասել է խորհրդականը Magyar Nemzet թերթին տված հարցազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ «Օրբանի ծրագիրն այժմ դրված է ԵՄ յուրաքանչյուր վարչապետի սեղանին»։ Բալաշ Օրբանի խոսքով՝ այս ծրագիրը ներառում է «իրավիճակի իրատեսական գնահատում, իրատեսական նպատակներ եւ գործողությունների համապատասխան ժամանակացույց»:
«Սրա վրա է հիմնված մեր մոտեցումը»,- ընդգծել է Հունգարիայի կառավարության ղեկավարի խորհրդականը։