Հայաստանում կրթության որակը շատերին հուզող թեմաներից է։ Դպրոցները շարունակում են անհրապույր ու վանող լինել աշակերտների համար։
Որպես կանոն, բոլոր դասարաններում առանձնանում են մի քանի՝ քիչ թե շատ հաջող կամ լավ սովորող համարվող աշակերտներ, իսկ դասարանի մնացած աշակերտները պարզապես հաճախում են դպրոց, որովհետեւ ստիպված են, կամ այդպես ընդունված է անել։ Հարց է առաջանում. ինչո՞ւ են մեր երեխաները ստիպված գնում դպրոց, եւ կրթական բարեփոխումների կարեւոր նպատակներից մեկը արդյոք չպե՞տք է լինի դպրոցը սիրելի ու ցանկալի մի տեղ դարձնելը։
Սովորելը մարդու բնական պահանջն է եւ հաճույք ստանալու ձեւերից մեկը։ Երեխաների վարքում, ծնված օրվանից սկսած, համարյա բոլոր գործողություններն ուղղված են սովորելուն։ Նա սովորում է ճանաչել համերը, գույները, քայլել, ինքնուրույն ուտել, հաշվել եւ այլն, եւ այլն։ Եվ սովորելու այս շարունակական ընթացքի մեջ նա հրճվում ու հաճույք է ստանում, երբ իրեն վերջապես հաջողվում է յուրացնել ինչ-որ մի բան, հասկանալ ինչ-որ մի բան, ինքնուրույն բացատրել ինչ-որ մի բան, սովորել անել ինչ-որ մի բան։
Երեխաներն անընդհատ հարցեր են տալիս, ինչը սովորելու բնական մղումից է գալիս։ Այդ ի՞նչ է պատահում, երբ հարցասեր այս էակները, որոնք հսկայական մոտիվացվածությամբ ձգտում են հասկանալ ու յուրացնել ամեն ինչ, որոնք հրճվում են ամեն մի նոր բան սովորելու մեջ իրենց ձեռք բերած արդյունքից, դպրոց մտնելուց որոշ ժամանակ անց փակվում են, ապամոտիվացվում, բարդութավորվում։ Սրանք կարեւոր հարցերն են, որ պետք է ամեն օր իրենց տան կրթության բարեփոխման հարցերով զբաղվող պատասխանատուները եւ փորձեն լուծել այս հարցը։
Իմ ծանոթներից մեկի երեխան մի օր անկեղծորեն խոստովանել էր, որ ինքը չի սիրում ընկեր Գեւորգյանին՝ հայոց լեզվի իրենց ուսուցչուհուն, այն պատճառով, որ նա երեխաներին պարտադրում է բանաստեղծությունն ասմունքելիս ձեռքերը չշարժել ու չքայլել, այլ անգիր ասել տեղում մեխված-կանգնած վիճակում։ Նման սահմանափակումների մասին պատմություններ, որոնց վրա կառուցված է մեր հանրակրթությունը, հնարավոր է շատ լսել։
Այս հոդվածում ես կցանկանայի խոսել դրանցից մեկի մասին, որը, ցավոք, պատճառ է դառնում կրթական գործընթացից երեխաներից շատերի հետ ընկնելուն, թերուսության եւ, ըստ էության, ուսուցանվող թեմայից դուրս մնալուն ու չյուրացնելուն։ Խոսքը հարցեր տալու սահմանափակումների ու հասկանալու եւ ընկալելու բաղադրիչը սովորելու գործում բավականաչափ չկարեւորելու մասին է։
Որպես կանոն, կրթական համակարգում գնահատվում է դասավանդվող թեմայի կամ նյութի յուրացումը։ Հաճախ սրա վրա սովորեցնողի կենտրոնացվածությունը բերում է նրան, որ ավելի քիչ ուշադրություն է դարձվում ընկալելու եւ հասկանալու եւ այդ ճանապարհով թեման կամ նյութը յուրացնելու վրա։ Արդյունքում աշակերտների մեջ քիչ են նրանք, ովքեր գիտելիքը յուրացնում են հասկանալով, եւ ավելի շատ՝ նրանք, ովքեր այն յուրացնում են սերտելու, անգիր անելու միջոցով։
Ավագ դպրոցում սովորող տղաներից մեկը մեր զրույցի ընթացքում ինձ մի շատ հետաքրքիր պատմություն պատմեց, որը հնարավորություն է տալիս հասկանալ այս խնդրի էությունը։ Նա պատմեց, թե ինչպես է ինքը 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների «Մաթեմատիկա» առարկայի ծրագիրը յուրացրել չորս ամսում՝ առցանց մի դասընթացի միջոցով։ Ծրագիրը յուրացնելու անհրաժեշտությունը նրա համար առաջացել էր իր հետագա կրթության նպատակներից ելնելով։
Հասկանալով, որ դպրոցական կրթության ընթացքում, չնայած ստացած դրական գնահատականներին, չի կարողացել սովորել իրեն անհրաժեշտ թեմաները, նա համացանցում գտել էր դասընթաց ու, տրամադրելով օրական մեկ ժամ, ամբողջ դասընթացը կարողացել էր յուրացնել՝ հասկանալով դրա մասը կազմող առանձին թեմաները։ Իմ հարցին, թե ի՞նչն էր խանգարել նրան այդ թեմաները յուրացնել դպրոցում, նա շատ կարճ պատասխան տվեց՝ դպրոցում ուսուցման գործընթացում աշակերտին բավականաչափ ժամանակ չի տրվում թեման ընկալելու ու հասկանալու համար։ Իսկ առանց տվյալ օրվա թեման ընկալելու՝ անհնարին է դառնում նաեւ հաջորդ թեմայի ընկալումը, եւ այդպես շարունակ։
Արդյունքը եղել է այն, որ ինքը գնահատականներ է ստացել սերտելու կամ արտագրելու միջոցով, բայց իրականում մաթեմատիկայի իր երեք տարվա դպրոցական կրթությունից ստացել է համարյա թե զրոյականին մոտ գիտելիք։ Եվ այդպես՝ դասարանի մեծ մասը, բացառությամբ մեկ-երկու՝ առավել օժտված աշակերտների։
Նույն թեմաներն առցանց սովորելու հիմնական տարբերությունը, ըստ նրա, այն է, որ ինքն առանց սահմանափակումների կարող է վերադառնալ իր չհասկացած հատվածին այնքան անգամ, մինչեւ տվյալ թեման լիովին հասկանալն ու առաջացած բոլոր հարցերի համար ըստ էության պատասխաններ ստանալը։ Դպրոցում, քանի որ գնահատվում է ոչ թե հասկանալը, այլ՝ լուծված հանձնարարությունը, աշակերտի հետ բավականաչափ աշխատանք չի տարվում, որպեսզի յուրաքանչյուրը դասարանում հասկանա տվյալ դասաժամին իրեն դասավանդվող առանձին վերցրած թեման։
Ստացվում է այնպես, որ աշակերտների հիմնական մասը կրթական գործընթացի սխալ կազմակերպման հետեւանքով չի հասկանում տվյալ թեման եւ, մնալով թերուս վիճակում, զուտ ծրագրի ժամանակացույցից հետ չմնալու նպատակով, ինչն ավելի կարեւոր է համարվում հանրակրթության ոլորտում, քան աշակերտին գիտելիք տալը, ուսուցչի առաջնորդությամբ անցնում է հաջորդ դասին։ Գործընթացն անընդհատ կրկնվում է ամեն թեմայի ու դասի հետ կապված, ու դասընթացի վերջում ունենում ենք ուսուցչի կողմից դրական գնահատված թերուսների դասարաններ եւ, վերջին հաշվով, թերուս երիտասարդություն ու հասարակություն։
Իհարկե, կրթական խնդիրները շատ են, եւ նշվածն ընդամենը մեկն է դրանցից։ Բայց այն շատ կարեւոր է, որպեսզի կրթությունը մեզանում դառնա գիտելիքի բացահայտմանն ու յուրացմանը նվիրված գործընթաց։
Մյուս կարեւոր խնդիրը կրթության խմբակենտրոնությունից մարդակենտրոնության սկզբունքին անցնելն է։ Այսինքն՝ կարեւոր է ոչ թե ամբողջական դասարանների դասավանդումն ըստ սահմանված ժամանակացույցերի ու դասածրագրերի, այլ՝ յուրաքանչյուր աշակերտի մեջ գիտելիքներ բացահայտելու եւ այդ ճանապարհով այն յուրացնելու կարողությունների զարգացումը։
Աղասի Թադեւոսյան, մշակութային մարդաբան