Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների պատրաստ է ուկրաինացիների մոտ 44%-ը, իսկ դեմ է 35%-ը։ Այս մասին հայտնի է դառել «Ռազումկովի կենտրոնի» հարցման շնորհիվ, որն անցկացվել է հունիսի վերջին ZN.UA պարբերականի պատվերով։
Վերլուծելով հարցման արդյունքները՝ պարբերականը նշում է, որ դրանք Ուկրաինայի տարբեր շրջաններում էականորեն տարբեր են։ Օրինակ՝ երկրի կենտրոնական հատվածում հարցվածների գրեթե կեսը (49%) համաձայն է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն, մինչդեռ արեւմուտքում՝ միայն մեկ երրորդը (35%)։ Երկրի հարավում պատկերը բոլորովին այլ է։ Այնտեղ հարցվածների 60%-ը կարծում է, որ եկել է բանակցությունների ժամանակը, ինչը 16%-ով բարձր է միջին ցուցանիշից:
Միաժամանակ, ուկրաինացիների մեծամասնությունը համաձայն չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս առաջ քաշած զինադադարի պայմաններին։ Օրինակ՝ հարցվածների 83%-ը հնարավոր չի համարում Ռուսաստանին տալ մասնակիորեն գրավված չորս շրջանները, որոնք պահանջում է Մոսկվան՝ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը եւ Զապորոժյեն։
77%-ը հնարավոր չի համարում Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների ամբողջական վերացումը։ 58%-ը պատրաստ համաձայն չէ Սահմանադրության մեջ Ուկրաինայի չեզոք, արտաբլոկային եւ ոչ միջուկային կարգավիճակի ամրագրմանը։
Ուկրաինացիների կեսը (51%) պարտադիր է համարում ռուսական զորքերից Ուկրաինայի օկուպացված տարածքների ազատագրումը եւ 1991 թվականի սահմանների վերականգնումը, 26%-ը համաձայն է պատերազմի դադարեցմանը՝ 2022 թվականի սկզբի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով (այսինքն առանց Դոնբասի եւ Ղրիմի), եւ միայն 9%-ն է պատրաստ ճանաչել ռազմաճակատի ներկա գծով նոր սահմանը։
Հարցվածների երկու երրորդը (66%) կարծում է, որ Ռուսաստանին կարելի է հաղթել մարտի դաշտում։ 82%-ը կարծում է, որ հաղթանակը հնարավոր է, եթե Արեւմուտքը բավականաչափ զենք մատակարարի Ուկրաինային, 76%-ը կարծում է, որ դրա համար անհրաժեշտ է սեփական հզոր ռազմարդյունաբերական համալիր սեղծել եւ կարգուկանոն հաստատել մոբիլիզացիայի կազմակերպման հարցում։
Միեւնույն ժամանակ, ուկրաինացիների 46%-ը կարծում է, որ ամոթալի ոչինչ չկա զորակոչից խուսափելու մեջ, եւ միայն 29%-ն է հակառակ կարծիքին։