Ալավերդիում մայիսի 26-ի ջրհեղեղից հետո Դեբեդը հանդարտվել, ջրերը հետ են քաշվել, բայց մարդկանց կյանքն այստեղ դեռ խաղաղ չէ։ Աղետից ուշքի չեկած՝ նոր խնդրի առաջ են կանգնել Սանահին կայարանի բնակիչները։ Կառավարությունը գետափնյա չորս շենքերից մեկը քանդելու եւ շենքի 16 ընտանիքներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու որոշում է կայացրել։
Խոսքը երկաթուղայինների թաղամասի 12-րդ շենքի մասին է, որի առաջին հարկի վեց բնակարաններն ամբողջովին տուժել են ջրհեղեղից։
«Քանի որ շենքն ամբողջովին դարձել է վնասվածության այն աստիճանի, որ պետք է քանդել, բնակարանի գնման վկայագիր կստանան նաեւ 2-րդ եւ 3-րդ հարկերի բնակիչները, այսինքն՝ եւս 10 բնակարանատերեր»,- կառավարության հուլիսի 4-ի նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց նաեւ, որ բնակարանի գնման վկայագրի արժեքը որոշվելու է կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների հիման վրա։
Գործադիրի այս որոշումը ընդունելի չէ Սանահին կայարանի 12-րդ շենքի երկրորդ եւ երրորդ հարկերում ապրողների համար։ Նրանք խիստ մտահոգ են, բայց սեփական բնակարաններից դուրս գալու մտադրություն չունեն։
Կոստանդյանների հինգ հոգանոց ընտանիքը վթարային շենքի 2-րդ հարկում է ապրում։ Բնակարանն անցած տարի հիմնովին նորոգել են։ Ընտանիքի մայրը՝ 38-ամյա Քրիստինե Դավթյանը վստահ է, որ պետության կողմից տրվելիք գումարով չեն կարողանա նման հարմարավետ ու բարեկարգ բնակարան գնել։
«Կադաստրային արժեքով են հաշվելու, բայց հիմա կոնկրետ Սանահին կայարանում տները ռեկորդային գների են հասել։ Մարդիկ լսել են էս ամեն ինչը ու թանկացրել, ով ինչ տեսակ տուն ունի՝ ծախում ա, բայց նենց գին են ասում, որ դժվար կարենանք առնել։ Ճարահատյալ գնացել ենք, տեսել մի քանի տներ, դա տուն չէր, լացս գալիս էր։ Բաղնիքի սալիկները, սենյակների պաստառները հո չե՞մ պոկելու, հետս տանեմ։ Մինչեւ հիմա վերանորոգման վարկն ենք փակում։ Տասնյոթ տարում մեկը չի էկել, ասել, որ սա վթարային շենք ա, նորոգում մի արեք»,- նեղսրտելով ասում է Քրիստինեն։
Սանահին կայարանի ամենահին շենքերից մեկն է 12-րդ հասցեն՝ մոտ 100 տարեկան։ Շենքը նախկինում երկաթուղայինների հանրակացարան է եղել։ Այստեղ հաստատված բնակիչներն իրենք են սեփական միջոցներով պայմանները բարելավել, առանձին սանհանգույց կառուցել։ 1988-ի երկրաշարժից հետո շենքը վթարային է՝ 3-րդ աստիճանի վնասվածության։ Արտաքին պատերից մեկը ճաք է տվել։
«Ջրհեղեղից հետո Երեւանից սեյսմոլոգներ էկան, մեր երեք սենյակներն էլ նայել են, անգամ բարձրացան տանիք, ասին՝ ոչ մի հետք չկա դրսի ճաքից։ Բակում մեր աչքը միշտ էդ ճաքին ա էղել, էսքան տարիների ընթացքում չի հեռացել, ջրհեղեղը դրան բան չի արել, թող պատը լցնեն, առաջին հարկից էլ ամրացնեն, խաղաղ ապրենք։ Մենք մեր էս մեծ տներից ուր գնանք, տուն էլ չկա ծախու։ 30-40 հազար դոլար են ուզում»,- ասում է Մարինե Մատինյանը։
Արդեն 48 տարի տիկին Մարինեն այս շենքում է ապրում։ Երրորդ հարկում գտնվող նրա բնակարանի պատերից մեկը դրսից ճաք ունեցողն է։ Ասում է՝ երբեք չեն անհանգստացել, թե մի օր կարող է փլուզում լինել։ Տանը ներքին հարդարման աշխատանքներ 19 տարի առաջ են արել։ Սենյակներում ներսի պատերին երեւացող բարակ ճաքերը, ըստ տանտիրուհու, այն հատվածներում են, որտեղ նախկինում ներկառուցված վառարաններ են եղել։ Տունը նորոգելիս իրենք են փակել դրանք։
Մարինե Մատինյանը նույնպես փաստում է, որ ոչ մի ժամանակաշրջանում իրենց շենք մասնագետներ չեն եկել եւ շենքի վթարային կարգավիճակի մասին որեւէ խոսք նախկինում չեն լսել։ Տարիների ընթացքում կառուցման, հիմնանորոգման տարբեր աշխատանքներ են արել, վերջերս նաեւ իրենց բնակարանի հատվածում տանիքն են նորոգել՝ սեփական միջոցներով։ Պատշգամբի արտաքին պատն էլ անցած ամռան կարկտահարությունից է տուժել, բայց խոստացված փոխհատուցումը չեն ստացել։
Տասնվեց բնակարան ունեցող շենքից չորս ընտանիք մշտապես բացակայում է։ Հարեւանների ունեցած տեղեկություններով՝ հեռվում ապրողները համաձայն են կառավարության առաջարկած տարբերակին։ Առաջին հարկի տուժած վեց ընտանիքներն էլ սկզբում ոգեւորվել, հետո երկընտրանքի առաջ են կանգնել․ կարծում են, որ փոխհատուցման գումարը նոր տուն գնելուն չի հերիքի։ Մյուս վեց ընտանիքները կտրականապես դեմ են շենքը լքելու եւ նոր բնակարան տեղափոխվելու պայմանին։
Նրանք պաշտոնյաներին իրենց տուն են հրավիրում՝ ցույց տալու համար, թե ինչ պայմաններ են ստեղծել տարիների ընթացքում եւ հերքելու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հարցազրույցում՝ փոխհատուցումների մասին վերջերս արտահայտած միտքը, թե «մեր հայրենակիցները այդքան էլ բարվոք պայմաններում չեն ապրել»։
«70-ին մոտ մարդիկ ենք, 47 տարի էստեղ ապրելուց հետո ո՞ւր գնանք։ Մենք տանից դուրս էկողը չենք, ինչ ուզում են՝ անեն։ Թող տրակտորը գցի, տանի, մենք մեջին կգնանք, բայց դուրս չենք գալու։ Մինչեւ վերջ ապրելու ենք էստեղ»,- ասում է Զարուհի Հախինյանը։
«Մենք պահանջում ենք, որ սեյսմոլոգները նորից գան, չափեն, գնահատեն։ Ճալում (Ալավերդու Թումանյան թաղամասը այդպես է հայտնի – հեղ․) ասել են, որ վնասվածությունը երեք աստիճան է ու դեռ 20 տարի էլ մարդիկ կկարողանան ապրել։ Մերն էլ ա 3, ու հանելուկ ա մեզ համար, թե ով ա կառավարություն հասցրել 4-5 թիվը։ Մինչեւ վերջերս մեր շենքը վթարային չէր, քանդման չէր, ի՞նչ էլավ մի քանի օրվա ընթացքում, որ դառավ քանդման ենթակա։ Թեկուզ 100 հազար դոլար տան, մենք դուրս չենք գալու։ Վե՛րջ»․ երեկոյան հեռախոսազանգը 12-րդ վթարային շենքի բնակիչ Աիդա Հովհաննիսյանից էր։
Կառավարության որոշման հետ անհաշտ բնակիչները հուլիսի 8-ին Ալավերդու համայնքապետարան են գնացել՝ իրենց շենքն ամրացնելու խնդրանքով։ Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ հանդիպումից հետո ակնկալում են, որ նորից մասնագետներ կգան, եւ շենքը քանդելու որոշումը, այնուամենայնիվ, կփոխվի։
«Կա մասնագիտական հստակ եզրակացություն, եւ դա չի տրվել մեկ օրում։ Ուսումնասիրություն է կատարվել, տարբեր կառույցներից վեց ուժեղ մասնագետներ են եկել մի քանի անգամ, հաշվարկներ են արել եւ եզրակացրել, որ շենքն ամրացնելը նշանակում է համարյա ամբողջը քանդել ու նորից կառուցել։ Եթե պիտի քանդեն ու նորից կառուցեն, իմաստը ո՞րն է։ Մեզ համար էլ շատ հեշտ կլիներ՝ շենքն ամրացնել, իրենց էլ պահել էդտեղ։ Բայց մարդկանց անվտանգության մասին է խոսքը»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց Ալավերդու համայնքապետը։
Դավիթ Ղումաշյանը բնակիչների բողոքներն ու դժգոհությունները պայմանավորում է նաեւ անորոշության հանգամանքով․ կառավարության որոշում կա, բայց գումարի չափ չկա, շուկան ուսումնասիրելուց հետո կոնկրետ բնակարանի համար կոնկրետ գումար է տրամադրվելու։
Փոխհատուցման այս գործընթացով Սանահին կայարանի վթարային ճանաչված 12-րդ շենքի բնակիչները պետք է վաճառքի ենթակա բնակարաններ գտնեն, որոնց արժեքը սահմանելու է կադաստրի կոմիտեն, վճարելու՝ պետությունը։
Այս պատճառով է նաեւ, որ բնակիչների մի մասը հրաժարվում է սեփական բարեկարգ բնակարանից դուրս գալու մտքից։ Մարդիկ վախենում են անտուն մնալուց, որովհետեւ այսօր ոչ ոք անգամ իր խարխուլ բնակարանը կադաստրային արժեքով չի վաճառվում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։