ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում հուլիսի 15-ին կայացած Հանրապետական կուսակցության ազգային համագումարի ընթացքում Դոնալդ Թրամփը կարողացել հավաքել բավականաչափ ձայներ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար, հայտնում են The New York Times-ը եւ Reuters-ը:
Նույն օրը Թրամփը առաջիկա ընտրություններում որպես փոխնախագահի թեկնածու ընտրել է Օհայոյի սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսին։ «Որպես փոխնախագահ՝ Ջեյ Դին կշարունակի պայքարել մեր Սահմանադրության համար, աջակցել մեր զորքերին եւ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ օգնելու ինձ կրկին մեծ դարձնել Ամերիկան»,-գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում:
Վենսը 2016 թվականին Թրամփի հիմնական քննադատներից էր։ Սակայն, նա հետագայում դարձել էր նախագահի հավատարիմ աջակիցներից մեկը՝ նրան նույնիսկ աջակցելով այն ժամանակ, երբ մյուս բարձրաստիճան հանրապետականները հրաժարվեցին դա անել, նշում է Reuters-ը։ Նա նաեւ այն սենատորների թվում էր, ովքեր դեմ էին Ուկրաինային օգնության տրամադրմանը:
Գործող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով Վենսի նշանակումը, X-ի էջում գրել է․ «Նա աշխատող մարդկանց մասին բարձր խոսող է։ Բայց այժմ նա եւ Թրամփը ցանկանում են բարձրացնել միջին խավի ընտանիքների հարկերը՝ միաժամանակ ձգտելով հարուստների համար ավելի մեծ հարկերի կրճատման։ Ես չեմ պատրաստվում դա նրանց թույլ տալ»:
Հանրապետականների ազգային համագումարից ընդամենը մեկ օր առաջ, Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձ կատարվեց։ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը մի քանի անգամ կրակել էր նախագահի հանրապետական թեկնածուի վրա, փամփուշտներից մեկը դիպել է Թրամփի աջ ականջի վերին հատվածին։
Մահափորձից հետո 78-ամյա Թրամփը հայտարարել էր, որ վերանայում է իր ելույթը, որն ուղված է լինելու ազգային միասնությունը, այլ ոչ թե Բայդենի հետ տարաձայնություններին, գրում է Reuters-ը։