Ուժի կիրառումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները եւ էթնիկ զտումները շարունակում են ձեւավորել միջազգային հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածի մասնակցության ժամանակ հնչեցրած ելույթում։
«Միջազգային հանրության համերաշխությունն ու արդյունավետ համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունեն այս բացասական միտումը փոխելու եւ ապագա սերունդների համար ավելի ապահով եւ լավ աշխարհ թողնելու համար: Հավաքականորեն որպես համաշխարհային հանրություն, մենք կարող ենք իրականացնել հավակնոտ եւ փոխակերպող փոփոխություններ, երբ լինի բավարար քաղաքական կամք եւ վճռականություն»,-ասել է Միրզոյանը:
Հայաստանի արտգործնախարարի խոսքերով Հայաստանն այն երկրների թվում է, որոնք վերջին չորս տարիների ընթացքում ստիպված են եղել դիմակայել բազմաթիվ ճգնաժամերի:
«Մինչ մենք փորձում էինք մյուս երկրների նման հաղթահարել համաշխարհային համաճարակը, դրան զուգահեռ լայնածավալ պատերազմը, ագրեսիան Հայաստանի դեմ, Լեռնային Ղարաբաղում շրջափակման եւ էթնիկ զտումների արդյունքում շուրջ 115.000 հայերի ներհոսքը ՀՀ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ մեր գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին»,-նշել է Միրզոյանը։ Նա հաջորդիվ հավելել է, որ չնայած նման մարտահրավերներին Հայաստանը հավատարիմ է մնացել կայուն զարգացման նպատակների խոստմանը եւ իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը՝ կառուցելով ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պաշտպանելով մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը, նպաստելով սոցիալական ներառականությանը, գենդերային հավասարությանը եւ երիտասարդության հնարավորությունների խթանմանը:
«Մարդը կենտրոնական դեր է խաղում մեր Կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում»,-նշել է Միրզոյանը ելույթի եզրափակիչ հատվածում։