Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերը Վրաստնի հետ համատեղ զորավարժության չեղարկումը անվանել է «Վրացական երազանք»-ի որոշ ներկայացուցիչների հայտարարություններին ուղված պատասխան քակյլ։
ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի մեկնարկից մի քանի օր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Վրաստանի հետ համատեղ բազմազգ զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու որոշման մասին։ Վաշինգտոնը նշել էր, որ Noble Partner զորավարժությունների չեղարկման պատճառը Վրաստանին պատերազմի մեջ «ներքաշելու» եւ «պետական հեղաշրջման փորձի» մեջ վրացական իշխանությունների հնչեցրած մեղադրանքներն են ԱՄՆ-ի հասցեին։
«Ցավոք, այս զորավարժությունները հետաձգելու, դրանք չեղարկելու որոշումը պայմանավորված է նրանով, որ մենք ականատես եղանք շատ մտահոգիչ հռետորաբանության, այդ թվում՝ կեղծ պնդումների, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները միտումնավոր փորձում է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում, ինչը բացարձակապես սուտ է։ […]։ Հենց Ռուսաստանն է փորձում սրել լարվածությունը»,-նշել է Ռայդերը եւ հավելել, որ Վաշինգտոնը շարունակելու է Վրաստանի հետ երկկողմ փոխգործակցության ուղիների փնտրտուքը։
Պենտագոնի խոսնակը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել իր գործընկերներին, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ դիմակայել Ռուսաստանի հիբրիդային ագրեսիային։
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շատ տեղերում գործում է հիբրիդային պատերազմի մեթոդներով […]։ Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանի գործընկերների հետ՝ այս սպառնալիքներին դիմակայելու համար: Ի վերջո, մենք ցանկանում ենք ապահով, կայուն եւ ազատ Եվրոպա։ Եվ, ինչպես տեսաք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, դաշնակիցները համախմբվում են մեր հավաքական պաշտպանության համար՝ գտնելու ուղիներ՝ զսպելու ռուսական սպառնալիքը եւ ապագա ագրեսիան»,-ասել է Ռայդերը Voice of America-ին տված հարցազրույցի ժամանակ։