Երեւանը ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի եւ նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող Հայաստանի երրորդ կամավոր ազգային զեկույցում, որը ներկայացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման ուղղությամբ, ինչը հաջողության հասնելու պարագայում հասկանալիորեն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա»,-ասվում է զեկույցում։
Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը անկեղծորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման գործընթացում՝ հիմնվելով միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն պետական սահմանի սահմանազատման վրա։
«Գործընթացը ներառում է նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ հիմնված երկրների ինքնիշխանության ու իրավազորության, ինչպես նաեւ հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ լիարժեք հարգանքի վրա»,- զեկույցում նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նրա խոսքերով հենց այս պատկերացմամբ է, որ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
«Այս ծրագիրը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ՝ այդպիսով տարածաշրջանի հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը հակամարտությունից փոխակերպելով դեպի փոխադարձ շահավետ համագործակցություն»,-նշել է Միրզոյանը։