Շիրակի մարզի Հայկավան գյուղում կարկուտ է տեղացել, սրբել-տարել հացահատիկի գրեթե հասուն բերքը, վնասել կարտոֆիլի դաշտերը, ոչնչացրել սածիլների ցանքատարածությունները:
Լենդրուշ եւ Ռայա Սերոբյանները վարկով գումար էին վերցրել, կաղամբի սածիլ գնել, մշակել: Ասում են՝ լավ «կպել էին», բերքի ակնկալիքը մեծ էր:
10 րոպեում կարկուտը ո՛չ բերքի, ո՛չ ակնկալիքի նշույլ չի թողել: 100 տոկոսով ոչնչացված դաշտում կրկին վերացանքս են կատարելու, բայց ասում են՝ ով է երաշխավորում, որ բերքը կրկին կարկուտը չի տանի:
Գյուղի վարչական ղեկավար Արմեն Մարդեյանն ասում է՝ շուրջ 35 հեկտար հողատարածքները վնասված են 90-100 տոկոսով: Եթե կարտոֆիլի բերքը դեռ մասամբ վերականգնելու հույս կա, սածիլները եւ հացահատիկը լիովին վնասված են: Համայնքապետարանից ոլորտային պատասխանատուների է հրավիրել, որ իրենց աչքով տեսնեն, փաստեն, որ վնասը մեծ է:
Ախուրյան համայնքի արտակարգ իրավիճակների հետեւանքով պատճառված վնասի արձանագրման, չափերի ճշտման եւ գնահատման մշտական գործող հանձնաժողովի անդամները արձանագրել են վնասի չափը, տվյալներն ուղարկել Շիրակի մարզպետի աշխատակազմ: Ասում են՝ դրանից ավելիի գործառույթ չունեն:
Եթե անցած տարի կարկտահարությունից տուժած հողօգտագործողը ցանքատարածությունը ապահովագրած լինելու դեպքում փոխհատուցման հույս ուներ, այս տարի չունի. Կառավարությունը գյուղատնտեսական ապահովագրության պայմանները փոխել է: Հացահատիկային մշակաբույսերը կարկուտից ապահովագրելու որոշումը չեղարկվել է: Այս տարի ապահովագրությունը գործում է միայն երաշտի դեպքում:
Ըստ մարզպետի աշխատակազմի՝ անցած տարի Շիրակի մարզում կարկտահարությության հետեւանքով տուժած հողօգտագործողների փոխհատուցումն ամենամեծն է եղել այլ ապահովագրությունների հետ համեմատած: Մարզում ապահովագրվել էր 3642 հեկտար ցանքատարածություն, փոխհատուցվել՝ 556-ը:
Ինչու էլ չեն ապահովագրվում հացահատիկի ցանքատարածությունները. Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ գյուղացին գիտի կարկուտը որտեղ է ծեծելու, տանում, այդտեղ է ցորենը ցանում:
Երբ ապահովագրության համակարգը նոր էր ներդրվել, գյուղացին ընդդիմանում էր, ասում էր՝ չեմ ապահովագրի, ճիշտ չեն գնահատի վնասը: Հետո սկսեցին ապահովագրել, տեսան՝ շահավետ է: Մինչեւ սկսեցին համատարած օգտվել համակարգից, հիմա էլ Կառավարությունը փոշմանեց:
Նշենք, որ Շիրակի մարզում աշնանացան հացահատիկի ցանքատարածություններն անցած տարվա համեմատությամբ պակասել են՝ 17484 հեկտարից հասնելով 13158-ի:
Գարնանացան հացահատիկի ցանքատարածություններն ավելացել են՝ 19066 հեկտարից հասնելով 20766-ի:
Կշարունակի՞ հողօգտագործողն առանց երաշխիքի հացահատիկ մշակել, միայնակ պայքարել բնության դեմ: Պատասխանը պարզ կլինի եկող գյուղատնտեսական տարում: Իսկ այս տարի գյուղացին բնության բարեհաճության վրա է միայն հույսը դնելու:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։