ԱՄՆ-ի իշխանությունները վերջին շաբաթներին հետախուզական տվյալներ են ստացել Դոնալդ Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստած մահափորձի մասին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով մի քանի աղբյուրներից ստացված տեղեկության վրա։
Սակայն, ըստ CNN-ի զրուցակիցների, ոչ մի նշան չկա, որ Թրամփի դեմ հուլիսի 13-ին Փենսիլվանիայում մահափորձ կատարած Թոմաս Մեթյու Քրուքսը ներգրավված է եղել իրանական դավադրության մեջ։
Լրատվականի փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունների ստացած հետախուզական տվյալները Գաղտնի ծառայությանը ստիպել էր ուժեղացնել Թրամփի անվտանգության ապահովման միջոցառումները։
Աղբյուրները նաեւ նշել են, որ Գաղտնի ծառայությունը բազմիցս է զգուշացրել է Թրամփի նախընտրական շտաբին զգուշանալ բացօթյա հանրահավաքներ անցկացնելուց, որտեղ հնարավոր չէ վերահսկել մուտքը։
Թրամփի մահափորձի հաջորդ օրը Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին հայտարարել էր, որ նախագահի թեկնածուի անվտանգության ապահովման համար վերջերս ավելացել են «պաշտպանիչ ռեսուրսներն ու հնարավորությունները»։
Հայտնի չէ, թե արդյոք իրանական սպառնալիքների մասին տեղեկատվություն հաղորդվել է Թրամփի նախընտրական շտաբին, թե ոչ, գրում է CNN-ը։ Լրատվակինի հարցմանը ի պատասխան շտաբից հայտարարել են․ «Մենք չենք մեկնաբանում Թրամփի անվտանգության մանրամասները: Բոլոր հարցերը պետք է ուղղվեն ԱՄՆ Գաղտնի ծառայությանը»:
Ինչպես նշում է CNN-ը, Իրանը բազմիցս է խոստացել վրեժ լուծել 2020 թվականի հունվարին ԱՄՆ զինված ուժերի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։ Թրամփը գեներալին համարել էր հազարավոր ամերիկացիների սպանության եւ վիրավորման պատասխանատու՝ հայտարարելով, որ Սոլեյմանին «պետք է ոչնչացվեր տարիներ առաջ»։
CNN-ի աղբյուրների համաձայն՝ իրանական դավադրության հնարավոր թիրախ է եղել նաեւ Մայք Պոմպեոն, ով Թրամփի կառավարման տարիներին զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը։
Լրատվականը նշում է, որ միեւնույն ժամանակ, թշնամական պետության կողմից սպառնալիքի առկայությունը եւ դրա հետ կապված անվտանգության ուժեղացված միջոցները նոր հարցեր են առաջացնում Փենսիլվանիայում Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցածի ու Գաղտնի ծառայության ձախողումների վերաբերյալ: