Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրաց ժողովրդի եվրաատլանտյան նկրտումներին, սակայն Վրաստանի կառավարությունն այլ ճանապարհ է ընտրել, հուլիսի 16-ի ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա ընդգծում է, որ Վրաստանի կառավարության վերջին գործողությունների արդյունքում է, որ կտրուկ փոխվել են հարաբերությունները ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ։
«Վրաստանի իշխանությունը թեքվել է դեպի այլ կողմ եւ ընտրել է այլ ճանապարհ։ Մենք տեսանք, որ Վրաստանի կառավարությունն ընդունել է օրենքներ, որոնք Վրաստանին հեռացնում են իր ժողովրդավարական հետագծից [․․․]։ Վրաստանի կառավարության գործողությունները արմատապես փոխեցին հարաբերությունները ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ»,-ասել է Միլլերը։
Նախօրեին Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաեւ պատասխանել էր Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հնչեցրած այն մեկնաբանություններին, որ «գլոբալ պատերազմի կուսակցությունը չի փոխում իր մեթոդները»։
«Ես նույնիսկ չգիտեմ, թե դա ինչ է նշանակում։ Իրավապահները պատմել են այս հետաքննության մասին, ասել են ինչ գիտեն եւ ինչ չգիտեն։ Որքան հասկանում եմ նրանք կշարունակեն հրապարակել այս հետաքննության արդյունքները, քանի դեռ այն կշարունակվի: Բացի այդ, քանի որ նախագահը Օվալաձեւ կաբինետում իր ելույթի ժամանակ ամերիկյան հանրությանը խնդրել է զերծ մնալ շահարկումներից եւ անպատասխանատու հայտարարություններից, ես նույն կոչը կանեի նաեւ այլ երկրներին»,-ասել է Միլլերը։