Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն: Այս մասին ասվում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:
Միացյալ Թագավորությունում Հայաստանի վարչապետը նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք միջազգային գործընկերների հետ: Այլ մանրամասներ հաղորդագրության մեջ չի նշվում։
Ավելի վաղ վարչապետի ստորագրած կարգադրության տեքստից հայտնի էր դարձել, որ հուլիսի 17-ին Լոնդոն կմեկնի նաեւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։