Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին ընդունել է վարչապետ Գաբրիել Ատտալի հրաժարականը։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։
Նախարարների ներկայիս կաբինետը կշարունակի զբաղվել ընթացիկ հարցերով մինչեւ նոր կառավարության նշանակումը։
«Որպեսզի այս ժամանակաշրջանը հնարավորինս արագ ավարտվի, հանրապետական ուժերը պետք է միասին աշխատեն՝ ստեղծելու միասնական ճակատ այն նախագծերի եւ որոշումների շուրջ, որոնք կբխեն ֆրանսիացի ժողովրդի շահերից»,- Մակրոնի խոսքերը մեջբերում է Le Figaro-ն:
Գաբրիել Ատտալը հրաժարական տվեց հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից անմիջապես հետո, որում նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ստանալով ընդամենը 168 մանդատ։ Սակայն Մակրոնը չի ընդունել Ատտալի հրաժարականը՝ խնդրելով նրան «ժամանակավորապես» չհեռանալ այս պաշտոնից՝ «երկրի կայունությունն ապահովելու համար»։
Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունների մասին Մակրոնը հայտարարել էր Եվրախորհրդարանի ընտրություններում Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցության գլխավորությամբ ծայրահեղ աջերի հաղթանակից հետո։ Սակայն նրանք երրորդ տեղը զբաղեցրեցին Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում։ Նրանք կստանան 143 մանդատ։
Ֆրանսիայում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով հաղթել է ձախ ուժերի կոալիցիան, որը խորհրդարանում կստանա 182 մանդատ։