Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը (ՆԱԿ), որի ղեկավարը երկրի նախագահ Իլհամ Ալիեւն է, վերջնականապես որոշել է սեպտեմբերի 1-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից իր թեկնածուներին։ Դրանք հաստատվել են ՆԱԿ խորհրդի նիստում, ասվում է կուսակցության պաշտոնական կայքում, որտեղ հրապարակվել է նաեւ թեկնածուների ցանկը։
«Նոր Ադրբեջանը» առաջադրել է իր թեկնածուներին երկրում գործող բոլոր 125 միամանդատ ընտրատարածքներում։ Ցուցակում, մասնավորապես, ընդգրկվել են Ադրբեջանի վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, նրա առաջին տեղակալ եւ Միլլի Մեջլիսի ու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ երկկողմ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Ալի Հուսեյնլին։
Բացի իշխող կուսակցությունից, արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցությունը հաստատել են նաեւ երկրում գործող 19 այլ քաղաքական կուսակցություններ։
Հունիսի 21-ին Ադրբեջանի խորհրդարանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու նախաձեռնությամբ դիմել էր երկրի նախագահ Իլհամ Ալիեւին։ Օրենսդիր մարմնում ընտրությունների ժամկետի տեղափոխությունը պայմանավորված էր նոյեմբերին Ադրբեջանում COP29-ի եւ այլ խոշոր միջազգային միջոցառումների անցկացումով։
Հունիսի 28-ին երկրի ղեկավարը հրամանագիր է ստորագրել վեցերորդ գումարման խորհրդարանը ցրելու եւ սեպտեմբերի 1-ին օրենսդիր մարմնի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Թեկնածուների առաջադրումները սկսվել են հուլիսի 13-ին եւ կավարտվեն օգոստոսի 2-ին։
Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով։