Համաեվրոպական ընտրություններից հետո նոր կազմավորված Եվրախորհրդարանը իր առաջին բանաձեւով դատապարտել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Մոսկվա։ Համապատասխան բանաձեւին կողմ է քվեարկել 495 պատգամավոր, դեմ՝ 137, ձեռնպահ՝ 47-ը։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի կայքը։
Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ Օրբանի այցը Ռուսաստան «կոպտորեն խախտում է պայմանագրերը եւ ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականությունը»: Բանաձեւի տեքստում նշվում է, որ Հունգարիան պետք է պատժվի այդ գործողությունների համար։
«Հաշվի առնելով, որ Հունգարիայի վարչապետի, այսպես կոչված, «խաղաղարար առաքելությանը» անմիջապես հաջորդել է հարձակումը [Կիեւի «Օխմատդետ»] մանկական հիվանդանոցի վրա, բանաձեւում նաեւ ասվում է, որ սա ցույց է տալիս Օրբանի ենթադրյալ խաղաղության ջանքերի «անտեղիությունը»,-ասվում է ԵԽ մամուլի հաղորդագրության մեջ։
Բանաձեւի հեղինակները նաեւ կոչ են արել ստեղծել «ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական պետական ակտիվների բռնագրավման հուսալի իրավական ռեժիմ»: Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, մինչ պատերազմում նրա հաղթանակը։
Եվրախորհրդարանի նոր կազմը սկսել է աշխատանքը հուլիսի 16-ին՝ հունիսի 6-ից 9-ը կայացած ընտրություններից մեկ ամսից մի փոքր անց։