Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի Խարկովի մարզում «անվտանգության գոտի» ստեղծելու գործողությունը կշարունակվի մինչեւ հաջող ավարտը։
«Այդ գործողությունը շարունակվում է, այն կշարունակվի մինչեւ հաջող ավարտը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա այսպիսով հերքել է այն տեղեկությունները, որ Ռուսաստանի Բելգորոդի շրջանում անվտանգության նոր միջոցների ներդրումը կարող է նշանակել Խարկովի մարզում այսպես կոչված «սանիտարական գոտու» ստեղծման գործողության ձախողում։
Նշենք, որ Ուկրաինայի Խարկովի մարզում նոր հարձակողական գործողության մեկնարկի հավանականության մասին տարեսկզբին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այն բացատրելով Բելգորոդի շրջանը ուկրաինական բանակի դիվերսիոն հարձակումներից եւ հրետակոծություններից պաշտպանելու նպատակով։
2022-ի սեպտեմբերին Ուկրաինական բանակը կարողացել էր ազատագրել Խարկովի հարակից հատվածներն ու վերականգնել ՌԴ-ի հետ պետական սահմնների վրա ունեցած վերահսկողությունը, որը կորցրել էր 2022-ի ռուսական ներխուժումից հետո։
Սակայն ընթացիկ տարվա մայիսի սկզբին ռուսական բանակը կրկին հարձակման անցավ Խարկովի ուղղությամբ, որի արդյուքնում որոշ սահմանային բնակավայրեր 2022 թվականի ներխուժումից հետո կրկին անցել են ռուսական բանակի վերահսկողության տակ։