Շուրջ 788 ուկրաինացի զինվորականներ անհետ կորել են Խերսոնի մարզի Կրինկի գյուղում իրականացվող պաշտպանական գործողությունների ընթացքում, որտեղ 2023 թվականի աշնանից Դնեպրի ձախ ափին տեղակայված էր Ուկրաինայի զինված ուժերի փոքր հենակետը։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Слідство.Інфо» կայքը հղում կատարելով Ուկրաինայի ոստիկանության տվյալներին։
Ինչպես գրում են լրագրողները նույն ժամանակահատվածում Կրինկիից դուրս է բերվել եւ հուղարկավորվել Ուկրաինայի զինված ուժերի 262 սպանված զինծառայողի մարմին։
Նյութը պատրաստելիս լրագրողները զրուցել են ծովային տարբեր բրիգադների տասնյակ նավաստիների, նավավարների եւ բուժաշխատողների հետ, որոնք կամ իրենք են եղել Կրինկիում, կամ մարդկանց տեղափոխել այնտեղ։ Նրանցից շատերն նշել են, որ գյուղի պաշտպանությունն ի սկզբանե «չափազանց բարդ խնդիր էր եղել՝ այն էլ սահմանափակ ռեսուրսներով»։
Կրինկիի դեսանտային գործողությանը մասնակցած զինվորակնները պատմում են, որ սկզբնական շրջանում հնարավոր էր եղել պաշտպանել գյուղը եւ ընդարձակել հենակետը։ Սակայն, երբ ձմռան վերջին գյուղը մարտերի ու հրետակոծությունների պատճառով ավերվել էր, տեղի դիրքերը պահելու խնդիրը շատ զինվորականների համար վերածվել էր «մեկ վերջնակետով ճանապարհի»։
Լրատվակնի հետ զրուցած շատ զինվորականներ պնդել են, որ Կրինկիի համար ընթացած մարտերի ժամանակ ռուսական կողմը գերիներ չի վերցրել։ Սակայն, ըստ լրատվականի, փոխանակման համար նախատեսված ռազմագերիների ցուցակներում եղել են գյուղի տարածքում անհետացած զինվորների անուններ։
Կրինկին ռուսական զորքերը գրավել էին 2022 թվականի փետրվարին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։ 2023 թվականի հակահարձակման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել էր ամրանալ Կրինկիում եւ այնտեղ փոքր հենակետ ստեղծել։ 2024 թվականի փետրվարին, այն ժամանակ դեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը «մաքրել են» Կրինկիին։ Ուկրաինական կողմն այս հայտարարություններն անվանել է «մանիպուլացիա եւ փաստերի կեղծում»։
Կրինկիում Ուկրաինայի զինված ուժերի հենակետի մասին «Слідство.Інфо» -ի նյութը հրապարակվել է ԶԼՄ-ների այն հրապարակումների ֆոնին, որ ուկրաինացի զինվորականները հետ են քաշվել գյուղից։
Ուկրաինայի Զինված ուժերի «Տավրիա» օպերատիվ-ռազմավարական խմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիխովին լրատվականի հետ զրույցում հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները շարունակում են պաշտպանական գործողությունները Խերսոնի շրջանում Դնեպրի ձախ ափին՝ մասնավորապես Կրինկիի շրջանում։