Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների նորընտիր վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Կարեւորվել է երկար բանակցություններից հետո Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը:
Սխոուֆը նշել է նաեւ, որ Նիդերլանդները կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը եւ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ ի նպաստ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում կապերի խորացման:
Բացի այս անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Փաշինյանը կարեւորել է դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության հետեւողական աջակցությունը: