Բաքվում ու Անկարայում շարունակում են Ադրբեջանը Նախիջեւանին կապող Սյունիքի միջանցքի մասին խոսել, որն, ըստ նրանց, չպետք է գտնվի Հայաստանի իրավասության ներքո։
Երկրի ներսում կան շատ խնդիրներ, որոնք այսօր սխալ են լուծվում կամ չեն լուծվում։ Դրանք անհանգստացնում են մեզ, մեր բողոքն ու զայրույթն են առաջացնում, բայց ապագայում, երբ կլինեն բարենպաստ պայմաններ՝ կկարողանանք կրկին անդրադառնալ դրանց ու նոր լուծումներ գտնել։
Իսկ ահա արտաքին ճակատի խնդիրներին, որ այսօր չեն լուծվում, սխալ են լուծվում կամ լուծվում են ոչ հօգուտ մեզ, վաղն անդրադառնալ ու կրկին լուծել չենք կարողանալու։ Արտաքին ճակատում կորուստներն անդառնալի են կամ չափազանց դժվար վերականգնելի։
Հետպատերազմյան այս չորս տարիների ընթացքում Հայաստանը, դիվանագիտական ճակատում արձանագրված պարտությունների արդյունքում, միայն կորուստներ է արձանագրել։
Պատերազմից հետո Արցախին վերաբերվող բանակցություններում Հայաստանը լիարժեք կողմ դառնալ չի կարողացել, զարգացումների վրա ազդեցություն չի ունեցել, վերածվել է պարզ դիտորդի։
Պատերազմից հետո հայկական կողմի անկարողության պատճառով փակվել են Արցախի կարգավիճակի մասին քննարկումները։
Պատերազմից հետո հակառակորդը հատել է Հայաստանի սահմանն ու տեղակայվել մեր տարածքներում։
Պատերազմից հետո Ադրբեջանի բանտերում են հայտնվել Արցախի ղեկավարները։
Պատերազմից հետո շրջափակվել է Արցախն, ապա հայթափվել է ու լուծարվել։
Պատերազմից հետո հայերին Ադրբեջանում ռազմական հանցագործությունների մեջ են մեղադրում ու Հայաստանը որպես ռազմական հանցագործություններ ծրագրած երկիր ներկայացնելու ուղղությամբ քայլեր են մշակում։ Ցանկը կարելի է շարունակել։
Ու հիմա չգիտես, թե, անցյալի որ փորձի վրա հիմնված՝ մտածում ու մեզ էլ հավատացնել են փորձում, որ սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքներից հետ է քաշվելու։
Ադրբեջանի պարտադրանքին հլու՝ հայկական կողմը սահմանազատումն սկսեց Տավուշից, կարծելով, թե սա Ադրբեջանին նույն ոգով գործընթացը շարունակել կստիպի։ Ադրբեջանին, բայց, ոչ թե գործընթացն էր հետաքրքրում, այլ տարածքները, որ ստացավ։ Սահմանազատումը Ադրբեջանին հետաքրքրում է այնքանով, որքանով այն իրենց ընթացիկ խնդիրները լուծելու եւ, ամենագլխավորը, իրենց ներկայությունը Հայաստանի տարածքում օրինականացնելու հնարավորություն է տալու։ Նրանք հետ քաշվելու նպատակ չունեն։ Հնարավոր գտնեն՝ ավելի կխորանան։
Սահմանի յուրաքանչյուր հատվածի համար նրանք նոր քարտեզներ են բերելու ու նոր պայմաններ են թելադրելու։ Հետ կքաշվեն, երբ ստիպված կլինեն։ Իսկ ստիպված կլինեն, եթե հայկական կողմը կկարողանա (վաղուց պետք է կարողացած լիներ) ճիշտ օգտագործել ներգրավված դերակատարների գործոնն ու կմշակի գործուն քայլեր, որպիսիք չեն եղել ու հույս, որ կլինեն՝ չկա։
Ադրբեջանի ծրագիրը հստակ է՝ որքան կարելի է ուժեղ ճնշել Հայաստանին, կորզել հնարավոր ու անհնարին բոլոր զիջումները, թույլ չտալ, որ ոտքի կանգնի, հարկ եղած դեպքում՝ սրել հակամարտությունը, սպառնալ պատերազմով, գնալ սադրանքների։
Նրանց ոգեւորում է Հայաստանի իշխանության անկարողությունը։ Տեսնում են՝ վախերով են առաջնորդվում, մոլորված են, չեն կողմնորոշվում։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ չճնշել ու չստանալ ավելին։
Ստվարաթղթե քարտեզը ձեռքին Փաշինյանը, կասկածից դուրս է, ինչպես նախկինում եղած նահանջների, այնպես էլ նոր նահանջի բացատրությունը կտա։ Նախկիններին մեղավոր հայտարարելու տարբերակը միշտ էլ կա։ Ծայրահեղ դեպքում կհայտարարի, թե նահանջ չի էլ եղել, թե հազար ինը հարյուր չգիտսթեոր թվի քարտեզով հենց այսպես էլ պետք է լիներ։
Եթե շարունակի գործել այս տրամաբանությունը, ապա նման պատկեր ենք ունենալու նաեւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի դեպքում։ Այդպիսի ճանապարհ, իհարկե, պետք է լինի։ Դա բոլորովին էլ վատ չէ։ Հակառակը՝ Հայաստանի համար շահեկան է, բայց մեկ կարեւոր պայմանով, եթե ճանապարհը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ եւ գտնվում է հայկական կողմի վերահսկողության ներքո։ Եթե երթեւեկն այդ ճանապարհով Հայաստանի սահմանապահներն ու մաքսավորներն են վերահսկում։
Իր հաջողություններով ոգեւորված Ադրբեջանը, բայց, անելու է ամեն ինչ, որ նախ՝ ճանապարհը կոչվի միջանցք, ապա՝ չլինի Հայաստանի իրավասության ներքո։ Հուսանք՝ հանգամանքները, գլխավորապես՝ Իրանի, Արեւմուտքի ու ԱՄՆ-ի ներգրավմամբ պայմանավորված, կբեկեն ընթացքը եւ չորս տարի շարունակ Ադրբեջանի օգտին աշխատող տրամաբանությունն այս դեպքում չի գործի։
Բայց, այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը կրկին հաջողի, ապա մեր սահմանապահների ու մաքսավորների մոլորված ու ամոթով լի հայացքի ներքո անցնելու է անխոչընդոտ ադրբեջանական ավտոմեքենաների ու գնացքների շարանը, իսկ հայկական կողմը բացատրություն գտնելու պարտավորությունից դրդված, իրենց բնորոշ մանիպուլյատիվ ոճով հայտարարելու է, թե Սյունիքով անցնողը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ եւ այն, իհարկե, գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, որովհետեւ մեր սահմանապահները եւ մեր մաքսավորները լայն բացած աչքերով նայում են, թե ինչպես են մարդիկ ու բեռներն անցնում Հայաստանի տարածքով։ Եթե նայում են, այն էլ լայն բացած աչքերով, ուրեմն, մեր վերահսկողության ներքո է։
Մոտավորապես այս կարգի է լինելու բացատրությունը։
Բայց, հուսանք, որ միջանցք չի լինի։
Հուսանք՝ նոր պարտությունները մեզ կշրջանցեն։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։