Ադրբեջանական Report լրատվականի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ հայկական կողմը մերժել է Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու Միացիալ Թագավորության առաջարկը, որը իբր պետք է անցակցվեր Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
Կարճ ժամանակ անց Հաջիեւի խոսքերը հերքող հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարությունը՝ պնդելով, որ հենց հայկական կողմն է առաջարկել է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն այն մերժել է ադրբեջանական կողմը։
«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Report լրատվականին Հաջիեւը պատմել էր, որ «Նման հանդիպում անցկացնելու առաջարկով հանդես է եկել Մեծ Բրիտանիան՝ որպես Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալող երկիր։ Առաջարկվել է այն անցկացնել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպման ձեւաչափով։ Այդ ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում մասնակցել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման սկբնական մասին, այնուհետեւ հանդիպումը շարունակվել է երկկողմ ձեւաչափով։ Նույն ձեւաչափն առաջարկել է Մեծ Բրիտանիան՝ որպես ընդունող երկիր։ Բայց հայկական կողմը մերժել է»։
Նրա խոսքերով հանդիպման սկզբում նախատեսված էր Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայությունը, որին հաջորդելու էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ ձեւաչափով բանակցությունները։
«Այս հանդիպմանը մասնակցելուց Հայաստանի մերժումը մենք համարում ենք երկխոսությունից նահանջելու եւ խաղաղության օրակարգի խթանման մտադրության դրսեւորում»,-ասել է Հաջիեւը։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ հայկական կողմը վերահաստատում է իր առաջարկը` «ինտենսիվացնել բարձր եւ բարձրագույն մակարդակով բանակցությունները եւ մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։