Երբ 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական բանակը ներխուժեց Ուկրաինա, դրան ուղեկցող հարակից միջազգային լարված դրությամբ ընդգծվեց, որ հակամարտության ավարտը լինելու է միջազգային նոր կարգի հիմնումը։
Սա դեռ հստակ ուրվագծվել էր 2021-ի դեկտեմբերի 17-ին, երբ ցուցադրաբար ռազմական գործողությունների պատրաստվող Ռուսաստանի ԱԳ նախարարությունը տարածեց ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին ուղղված հայտարարություն-վերջնագիրը։
Այդ փաստաթղթով Մոսկվան գրավոր երաշխավորագիր էր պահանջում առ այն, որ Ուկրաինան չի միանա Հյուսիսատլանտյան դաշինքին, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք չի ընդարձակվի նախկին ԽՍՀՄ երկրների հաշվին։ Ավելին, անգամ պահանջվում էր որպեսզի ՆԱՏՕ-ն հրաժարվի ռազմական բնույթի գործունեությունից ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ Արեւելյան Եվրոպայի իր անդամ երկրների տարածքներում։
Իհարկե նման առաջարկից ե՛ւ Վաշինգտոնը, ե՛ւ Բրյուսելը կտրականապես հրաժարվեցին, քանի որ այն նշանակում էր ԽՍՀՄ փլուզումից եւ Սառը պատերազմի ավարտից հետո ձեւավորված անվտանգության համակարգի արմատական վերակառուցում, ինչն Արեւմուտքի օգտին չէր լինի։
Սակայն 2023-ի ամռանը Ռուսաստանի օկուպացրած տարածքների ազատագրման համար ՆԱՏՕ-ի աջակցությամբ ծրագրված ուկրաինական բանակի հակահարձակման ձախողումը, դրանից հետո ռազմաճակատում Կիեւի համար տիրող ծանր դրությունը եւ ՌԴ-ի դեմ պարբերաբար թարմացվող արեւմտյան պատժամիջոցները գնալով միայն կրկնապատկեցին միջազգային լարվածությունը։
Սրան զուգահեռ ծագեց Իսրայելի եւ Գազայում իշխող ՀԱՄԱՍ-ի միջեւ հումանիտար բոլոր կանոններից ու բարոյական նորմերից զուրկ առճակատումը, որը հանգեցրեց Իրանի եւ Իսրայելի միջեւ ուղիղ, բայց եւ կարճատեւ ռազմական դիմակայության։ Դե, իսկ Մալիում, Նիգերում, Բուրկինա Ֆասոյում եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ռուսական ազդեցության տարածումն ու ֆրանս-ամերիկյան ռազմական ուժերի հեռացումն ընդգծեցին, որ պայքարը նաեւ Աֆրիկայի համար է։
Այս ամենը վերջնական հստակությամբ եւս մեկ անգամ ընդգծեց, որ միջազգային նոր կարգի կառուցումն անխուսափելի է։
Միջազգային հարաբերությունների չորս կարգ
Պատմությանը հայտնի են տարածաշրջանային մասշտաբի ու համաշխարհային հակամարտություններից հետո հաստատված հարաբերությունների չորս կարգ։ Առաջինը միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգն էր։ Սա Եվրոպայում հաստատվել էր 1648 թվականին երեսնամյա պատերազմի ավարտից հետո, եւ բնութագրվում էր որպես ուժերի բալանսավորման գաղափարի վրա կառուցված համակարգ։ Երկրորդը՝ Եվրոպակենտրոն Վիեննական համակարգն էր՝ հաստատված 1814-ին Նապոլեոնյան պատերազմներից հետո։ Սրան հաջորդում է Առաջին համաշխարհային պատերազմն ավարտող Վերսալ-Վաշինգտոնյան երրորդ համակարգը, որն էլ մնում է մինչեւ Երկորդ աշխարհամարտի արդյունքներով 1945-ից ձեւավորված Յալթա-Պոտսդամյան չորրորդ համակարգի հաստատումը։
Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Յալթա-Պոտսդամյան համակարգն այլեւս դադարել է գոյություն ունենալուց եւ այժմ գործում է հինգերորդը՝ ձեւավորված 1991 թվականին, եւ դա այսպես կոչված հետսառըպատերազմյան շրջանն է։ Այն հաճախ անվանում են նաեւ ԱՄՆ հեգեմոնիայի ներքո միաբեւեռ աշխարհակարգ։
Նման համակարգից Ռուսաստանի առաջին լուրջ դժգոհությունները սկսեցին ի հայտ գալ 2008-ի ապրիլի սկզբին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովից հետո, երբ անդամ երկրները որոշում էին կայացրել Վրաստանին եւ Ուկրաինային ներառել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագրի մեջ։
Հենց այս իրադարձությունը դարձավ այն անդառնալի կետը, որը Մոսկվային այլեւս պետք է տաներ իր երկու հարեւանների հետ ռազմական հակամարտությունների ու նրանց տարածքների օկուպացիայի ճանապարհով։ Սա Մոսկվայի քարոզչամեքենան հրամցնելու էր որպես «գոյաբանական պայքարի մաս» եւ իր համար փաստացի բուֆերային դարձած նախկին ԽՍՀՄ երկրներին ՆԱՏՕ-ում ներառելու դեմ պայքար։
Վերջին շրջանում ուկրաինական ռազմաճակատում ռուսական բանակի արձանագրած դանդաղ, բայց որոշակի առաջխաղացումները, Արեւմուտքի հետ հարաբերությունների գրեթե բոլոր ուղիների շարունակվող ապամոնտաժումը, կիսաանվտանգային բնույթ ունեցող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) առանցքային դերակատարներ Չինաստանի ու Իրանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացումը կարծես թե Պուտինին նորովի են ստիպում մտածել Ասիայի երկրների հետ հարաբերությունների վերաթարմացման մասին։ Սա հատկապես ցույց տվեցին հունիսի սկզբին Հյուսիսային Կորեա ու Վիետենամ նրա կատարած այցերը։
Կայուն աշխարհակարգ՝ առանց Ռուսաստանի՞
Այս այցերից տպավորությունն այնպիսին է, որ Պուտինը կարծես թե փորձել է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի եւ Վիետնամի նախագահ Թո Լամի հետ ձեռք բերել այնպիսի գրավոր պայմանավորվածություններ, որոնցում արտացոլված կլինեին անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Նա դա իրականում կարողացավ ստանալ ԿԺԴՀ-ից, որտեղ ստորագրված պայմանագրով Փհենյանն ու Մոսկվան պարտավորվում էին միմյանց աջակցել ռազմական ագրեսիայի դեպքում։ Բայց նույնը չստացավ Վիետնամից։ Փոխարենը Հանոյի հետ ստորագրվեց գործընկերության խորացման մասին համատեղ հայտարարություն, որով կողմերը պարտավորվում էին չմիանալ այնպիսի ռազմաքաղաքական դաշինքների, որոնք կգործեն միմյանց դեմ։
Իրականում, նախագահ Պուտինը անվտանգության նոր համակարգի եւ աշխարհակարգի մասին առավել անկեղծորեն խոսել էր դեռ 2024 թվականի փետրվարի 29-ին՝ ելույթ ունենալով Դաշնային խորհրդի առջեւ․ «Ակնհայտ է, որ անհրաժեշտ է աշխատել տեսանելի ապագայում Եվրասիայում հավասար եւ անբաժանելի անվտանգության նոր կոնտուր ձեւավորելու ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք այս թեմայով առարկայական բանակցությունների շահագրգիռ երկրների եւ միությունների հետ։ […] Միաժամանակ ուզում եմ կրկին ընդգծել, որ առանց ինքնիշխան, ուժեղ Ռուսաստանի կայուն ոչ մի աշխարհակարգ հնարավոր չէ ձեւավորել»։
Սակայն Պուտինի այս առաջարկ-հայտարարության էությունը 2024 թվականի հունիսի 26-ի ասուլիսի ժամանակ առավել հասկանալի բացատրեց ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «ճարտարապետությունն ուղղված չի լինի որեւէ մեկի դեմ, եւ այն ոչ միայն ապահովելու է կայուն խաղաղություն, այլ նաեւ հնարավորություն է տալու խուսափել աշխարհաքաղաքական այն խոշոր ցնցումներից, որոնք պայմանավորված են արեւմտյան օրինաչափություններով կառուցված գլոբալիզացիայով»։
Զախարովայի խոսքով այն ստեղծելու է հուսալի ռազմաքաղաքական երաշխիքներ՝ ինչպես Ռուսաստանի Դաշնությանը, այնպես էլ մակրոտարածաշրջանի այլ երկրներին արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար։ Ըստ նրա՝ ստեղծվելու է հակամարտություններից զերծ եւ զարգացման համար բարենպաստ տարածք, որտեղ չի լինի «արտատարածաշրջանային խաղացողների ապակայունացնող ազդեցությունը եվրասիական գործընթացների վրա», ինչն էլ իր հերթին «կնշանակի արտաքին ուժերի ռազմական ներկայության կրճատում Եվրասիայում»։
Հասկանալի է, որ Մոսկվայի հնչեցրած «Եվրասիան» չի ընդգրկելու ողջ մայրցամաքը։ Հասկանալի է նաեւ, որ նման ծրագրին դժվար թե հավանություն տան ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները։ Հետեւաբար Պուտինի «Եվրասիայի» եվրոպական մասը ներկա փուլում սահմանփակվում է Ուրալյան լեռներից արեւմուտք ընկած ՌԴ տարածքներով եւ Բելառուսով։ Սա նշանակում է, որ ծրագրի, այսպես ասած հիմնական թիրախը Ասիական երկրներն են (որի պատճառների մասին արդեն ասվեց)։
Ներկա աշխարհաքաղաքական բարդ համատեքստում նման գաղափարը ոչ թե անվտանգության նոր եվրասիական համակարգի ձեւավորման մասին է, այլ ավելի շուտ պոռոտախոս վերնագրերով աշխարհի նոր վերաբաժանման ցանկության քողարկման, այլ կերպ ասած՝ Եվրասիայի վրա, կամ ավելի շուտ Ասիայի վրա, ռուսական եթե ոչ լիարժեք հեգեմոնիայի, ապա գոնե մասնակի ազդեցության առկայության։
Սակայն Պուտինը միակը չէ պատմության մեջ, որն Ասիայի համար փորձում է դեռեւս առաջարկների տեսքով նոր ազդեցության գոտիների բաժանարար գծեր սահմանել։ Վեջին անգամ «ինքնուրունության» մասին ճակատային, բայց տոտալ ազդեցության տարածման այդպիսի քողարկված ենթատեքստերով առաջարկներ 1943 թվականի նոյեմբերի 5-ին հնչեցրել էր Ճապոնիայի այն ժամանակվա վարչապետ, գեներալ Հիդեկի Տոջոն։ Չնայած նրա այդ հայտարարությունը վերաբերվել էր կոնկրետ Արեւելյան Ասիային, սակայն այն իր ձեւով առաջինն էր, երբ հենց տարածաշրջանի երկրներից մեկի ղեկավարությունը կոչ էր անում ի դեմս ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դուրս մղել «արտաքին նվաճողներին» եւ ստեղծել նոր կարգ։
Ի՞նչ էր ասում Հիդեկի Տոջոն
Տոկիոյում այդ ժամանակ անցկացված «Արեւելյան Ասիայի ժողովուրդների գագաթնաժողովի» իր ելույթում Տոջոն ասել էր․ «Անառարկելի փաստ է, որ Մեծ Արեւելյան Ասիայի ժողովուրդները բոլոր առումներով միմյանց հետ կապված են անբաժանելի հարաբերությունների կապերով: Ես խորապես հավատացած եմ, որ դա այդպես է։ Սա նրանց ընդհանուր առաքելությունն է․ ապահովել Մեծ Արեւելյան Ասիայի կայունությունը եւ կառուցել ընդհանուր բարգավաճման ու բարեկեցության նոր կարգ: Մեծ Արեւելյան Ասիայի այս նոր կարգը պետք է հիմնվի արդարության ոգու վրա, որը բնորոշ է Մեծ Արեւելյան Ասիային: Այս առումով այն սկզբունքորեն տարբերվում է հին կարգից, որը նախատեսված էր ծառայելու Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի շահերին, որոնք առանց վարանելու գործադրում են անարդարությունը, խաբեությունը եւ շահագործումը՝ հանուն սեփական բարգավաճման։ Մեծ Արեւելյան Ասիայի ժողովուրդները, փոխադարձաբար ճանաչելով միմյանց ինքնավարությունն ու անկախությունը, պետք է որպես ամբողջություն հաստատեն եղբայրական բարեկամական հարաբերություններ: Նման հարաբերություններ չեն կարող ստեղծվել, եթե մի երկիր օգտագործում է մյուսին՝ որպես նպատակին հասնելու միջոց»։
Եթե վարչապետ Տոջոի առաջարկն այն ժամանակ հնչում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի այնպիսի ժամանակահատվածում, երբ Ճապոնական կայսրությունը Խաղաղ օվկիանոսից մինչեւ Հնդկաստան ուղիղ ռազմական առճակատման մեջ էր ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ, ապա Պուտինինը հնչում է վերջինների հետ անուղղակի հակասությունների պարագայում, երբ իսկապես երկխոսության համար դեռ բավականին շատ հնարավորություններ պահպանվում են։ Բայց նման հնարավորությունների օգտագործումը անիմաստ է դառնում, երբ հեգեմոնիայի հավակնություններ ունեցող երկրները որոշում են շարժվել ազդեցության ռեալ ընդլայնման ուղով։
Որպես կանոն ծավալապաշտական նման ուղի ընտրած երկրներն իրենց ագրեսիվ գործողությունները հաճախ ներկայացնում են որպես «հարկադիր պաշտպանական միջոցառում»՝ արժանապատվության համար մղվող պայքարի երանգավորմամբ։ Ճիշտ այնպես, ինչպես Պուտինն էր Ուկրաինա ներխուժման օրը փորձում նախաձեռնած հարձակումը արդարացնել եւ դրան «գլոբալ Արեւմուտքի» դեմ արժանապատիվ պայքարի տեսք տալ։
Հենց նման տեսք է ունեցել նաեւ ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային 1941-ի դեկտեմբերի 8-ին պատերազմ հայտարարելու մասին վարչապետ Տոջոյի ուղերձը, որը նա ընթերցել էր Ճապոնիայի կայսր Հիրոհիտոյի անունից։ Խաղաղ օվկիանոսում եւ Արեւելյան Ասիայում ամերիկյան ու բրիտանական տիրույթների դեմ հարձակողական նախաձեռնությունը արդարացնելու համար նա նշել էր․ «Մեր կայսրությունն իր գոյության եւ ինքնապաշտպանության համար չունի այլ միջոց, քան զենքի դիմելն ու իր ճանապարհին հայտնված խոչնդոտները վերացնելը: Մեր կայսերական նախնիների սուրբ հոգիները պաշտպանում են մեզ ի վերուստ, եւ մենք ապավինում ենք մեր հպատակների հավատարմությանը եւ քաջությանը վստահորեն ակնկալելով, որ մեր նախահայրերի կտակած խնդիրը կիրականացվի, եւ որ չարի հիմքերը արմատախիլ կարվի, իսկ Արեւելյան Ասիայում հարատեւ խաղաղություն կհաստատվի՝ դրանով իսկ պահպանելով մեր կայսրության փառքը»։
Աշխարհի նոր վերաբաժանո՞ւմ
Այսպիսով, ամեն բան ցույց է տալիս, որ թե՛ ռազմական նախահարձակ գործողությունների մեկնարկի հռետորաբանությունը, եւ թե՛ Ասիայում բաժանարար գծերի ստեղծումը սեփական հեգեմոնիայի հեռանկարով, ագրեսիվ ղեկավարությունների մտածողության յուրահատկությունն է, որն էլ իր հերթին համեմվում է տվյալ ժամանակահատվածում տվյալ ազգի քիմքին հարմար քարոզչական տողերով։
Պուտինի եվրասիական անջատ անվտանգության ճարտարպետության առաջարկը ներկա աշխարհաքաղաքական պայմաններում ուղղակի անհնար է դիտարկել քարոզչական համատեքստից անդին։ Քանի որ իսկապես բավականին դժվար է պատկերացնել օրինակ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, ԱՄՆ առանցքային ռազմավարական դաշանակիցներ Ֆիլիպինների, Հարավային Կորեայի կամ Թաիլանդի ինտեգրումը անվտանգային նման համակարգին։ Նույնը վերաբերվում է նաեւ Պարսից ծոցի արաբական միապետություններին։ Հստակ է, որ այս երկրներից որեւէ մեկը գոնե ներկա փուլում պատրաստ չէ, եւ ցանկություն չունի իր տարածքից հեռացնելու անվտանգության իրական երաշխավոր ամերիկյան բազաները։
Թե ինչ արդյունքներով կավարտվի աշխարհաքաղաքական նոր առճակատումը՝ դժվար է ասել։ Դժվար է նաեւ ասել, թե ինչպիսի միջազգային կարգ կարող է հաստատվել այս առճակատումից հետո։ Սակայն մի բան դեռ շարունակում է հստակ մնալ․ յուրաքանչյուր նման կարգի եւ դրանում առկա անվտանգային համակարգի ձեւավորման համար անհրաժեշտ է գլոբալ կոնսենսուս, փոխզիջման պատրաստակամություն եւ ներգրավածության հնարավորություն։ Հակառակ պարագայում՝ այլ ուժերի ու կետրոնների հետ ցանկացած ձեւ ունեցող համագործակցության բացառումը նման առաջարկները վերածում է աշխարհի այս կամ այն տարածաշրջանը վերաբաժանելու ծրագրի։ Նման ծրագրերի վտանգավոր ու աղետալի հեռանկարները մարդկությունը արդեն տեսել է համաշխարհային երկու պատերազմներով։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։