Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության եւ զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Մեծ Բրիտանիա քաղաքական երկխոսության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ նախորդ տարի նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ:
Արարատ Միրզոյանը բրիտանացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ շեշտելով սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը եւ կարեւորությունը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել խաղաղության գործընթացով ՄԹ հետաքրքրվածության եւ աջակցության համար: